Բյուջեի հավելյալ գումարները չեն հավաքվում

Պետական բյուջեի եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշները կարծես չի հաջողվում ապահովել։ Ընթացիկ տարում պետբյուջեի հարկային եկամուտները պետք է ավելանան ֌101 մլրդ-ով, ինչն ամսական կտրվածքով ենթադրում է հավելյալ ֌8,4 մլրդ-ի հարկեր։ Այս հունվար-ապրիլին, չնայած տնտեսական ակտիվության 7,2%-ով ավելացմանը, հարկային հավելյալ մուտքերն ավելացել են ընդամենը ֌7,8 մլրդ-ով, թերհավաքագրումը կազմել է ֌25,8 մլրդ։

Ընթացիկ տարվա համար կառավարությունը պետբյուջեի հիմքում դրել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հավաքագրման 13%-ի կամ բացարձակ թվով՝ ֌101 մլրդ-ի աճ։ Սա նշանակում է, որ ամսական կտրվածքով միջինը պետք է հավաքագրվեն ֌8,4 մլրդ-ի հավելյալ հարկեր։

Ըստ Պետեկամուտների կոմիտեի օրերս հրապարակած հաշվետվության՝ ՀՀ պետբյուջե հավաքագրված հարկային եկամուտները, պետական տուրքերն ու պարտադիր սոցիալական ապահովության վճարներն այս տարվա չորս ամիսներին կազմել են ֌248,88 մլրդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 3,2%-ով կամ ֌7,8 մլրդ-ով։ Եթե հաշվի առնենք, որ անցած չորս ամիսներին պետք է հավաքագրվեր լրացուցիչ ֌33,6 մլրդ, ապա ստացվում է, որ հարկերի և սոցվճարների թերհավաքագրումը բացարձակ թվով կազմել է ֌25,8 մլրդ։

Չի բացառվում, որ թերհավաքագրումը պայմանավորված է սեզոնայնության գործոնով։ Սակայն անցած տարվա հարկահավաքման ամսական ցուցանիշներից հստակ երևում է, որ հարկերի հավաքագրումը գրեթե հավասարաչափ բաշխվել է տարվա բոլոր ամիսների միջև, սեզոնայնության գործոնը նվազագույն է եղել, իսկ հավաքագրման ամսական միջին աճը կազմել է մոտ 10%։

Հարկահավաքման ցուցանիշի թերակատարումը հազիվ թե անակնկալ է, եթե հաշվի առնենք, որ հավելյալ ֌101 մլրդ-ի հավաքագրման մասով ժամանակին իրենց մտահոգություններն էին հայտնել ինչպես միջազգային կառույցները, այնպես էլ ՊԵԿ-ը։

«Մինչև հիմա մեր մտահոգությունները մնում են, մենք ռիսկեր ենք տեսնում և այդ ռիսկերի ուղղությամբ աշխատում ենք։ ֌101 մլրդ-ը մեզ անհանգստացնում է, որովհետև մենք շատ կարևոր երեք հիմնական խնդիր ենք մեզ համար լուծել։ Առաջինը, որ գերավճարների հաշվին չի կարելի հարկային եկամուտներ ապահովել, և մինչև հիմա մենք նախկինում կուտակված գերավճարներից մաքրվում ենք: Եթե ձեռնարկությունն ունի գերավճար, մենք չենք կարող նրան լրացուցիչ հարկ առաջադրել»,– անցած տարի նոյեմբերին Ազգային ժողովում 2012թ. պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարում էր ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը։

Այս տարի մարտի 27-ին էլ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը նշում էր, որ նույնիսկ առանց տնտեսական աճի կանխատեսման նվազեցման (իսկ ԱՄՀ-ն Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը 4%-ից նվազեցրել է 3,8%-ի)՝ բյուջեի ելակետային տարբերակում եկամուտների ապահովման մասով արդեն իսկ առկա են որոշակի ռիսկեր։

Ստվե՞ր, թե՞ մակրոնկարչություն
Իրավիճակը է՛լ ավելի մտահոգիչ է դառնում, երբ ուսումնասիրվում են այս տարվա չորս ամիսների հարկերի հավաքագրման ցուցանիշներն ըստ առանձին հարկատեսակների։

ԱՎԾ հրապարակման համաձայն՝ առևտրի շրջանառությունն այս հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 0,9%-ով, գնաճը կազմել է 3%, ներկրումն աճել է 8,7%-ով։ Այս պայմաններում ՊԵԿ-ի կողմից ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հավաքագրումը կրճատվել է 0,1%-ով կամ ֌100 մլն-ով։

ԱԱՀ-ով հարկվող բազայի գումարային արտահայտությամբ ավելացման պայմաններում հարկատեսակի գծով հավաքագրման կրճատումը տարօրինակ է։ Իսկ երկու գերատեսչությունների կողմից ներկայացվող թվերի համադրման արդյունքում ստացված հակասությունը խոսում է այն մասին, որ կա՛մ ԱՎԾ-ն է ներկայացրել ուռճացված թվեր, կա՛մ շրջանառության մի մասը կրկին գնացել է ստվեր։

Իհարկե, ԱԱՀ-ի գծով հավաքագրման կրճատումը կարող է պայմանավորված լինել մի շարք տնտեսավարողներին ֌300 մլն-ից ավել ներդրումային ծրագրերով ներկրված սարքավորումների գծով վճարվելիք ԱԱՀ-ի հետաձգման արտոնություններով։ Բայց այդ դեպքում ստացվում է, որ հաստատելով այդ ծրագրերը՝ կառավարությունը հստակ չի պատկերացրել, թե արդյունքում ինչ վնասներ կարող է կրել պետբյուջեն, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ ԱԱՀ-ն ապահովում է բյուջեի հարկային եկամուտների 45%-ը։

Անհասկանալի է նաև, թե ինչպես է ստացվում, որ հունվար-ապրիլին ներկրման ֌65 մլրդ-ով ավելացման պայմաններում մաքսատուրքերի գծով հավաքագրումները կրճատվել են ֌1 մլրդ-ով, հատկապես եթե Հայաստանում մաքսատուրքն ըստ առանձին ապրանքների կազմում է 0% և 10%։

Մյուս ուշագրավ փաստն այն է, որ Հայաստանում տնտեսական ակտիվության աճի և մասնավոր հատվածում ներդրումային ծրագրերի իրականացման պայմաններում 0,5%-ով (֌220 մլն-ով) նվազել են պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով հավաքագրումները՝ կազմելով ֌39,97 մլրդ։

Նշենք, որ պարտադիր սոցիալական վճարների կրճատում հնարավոր է երկու դեպքում՝ կա՛մ աշխատատեղերի, կա՛մ աշխատավարձերի կրճատման հետևանքով։ Հիմք ընդունելով ԱՎԾ վերջին հրապարակումը, ըստ որի՝ այս հունվար-ապրիլին միջին աշխատավարձն աճել է 5,3%-ով, ստացվում է որ աճ արձանագրող երկրում տեղի է ունեցել աշխատատեղերի կրճատում։ Եթե ԱՎԾ-ի հրապարակած մակրոտնտեսական ցուցանիշները համապատասխանում են իրականությանը, ապա պարտադիր սոցվճարների գծով հավաքագրման նվազումը կարող է լինել ստվերի խորացման արդյունք: