Հայաստանցիների 55 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին․ հարցում

Հայաստանցիների 55 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին․ հարցում

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (International Republican Institute – IRI) սոցհարցում է իրականացրել Հայաստանում։ Հարցերը վերաբերում են տարբեր ինստիտուտների վարկանիշերին, արտահերթ ընտրություններին և ընտրության դեպքում քաղաքական ուժերի վարկանիշերին և այլնի։

Հարցումն իրականացվել է 2021-ի փետրվարի 8-ից 16-ը։ Այն ընդգրկել է 1 510 հոգու՝ 18 տարեկանից բարձր։

Հարցման տվյալներով՝ Հայաստանում ամենահեղինակավոր կառույցը շարունակում է մնալ բանակը․ Հարցվածների 50 տոկոսը բանակի աշխատանքը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 23 տոկոսը՝ «որոշ չափով բարենպաստ»։ 

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ևս մարդիկ գնահատել են մեծամասամբ դրական լույսի ներքո․ հարցվածների 30 տոկոսը ՄԻՊ աշխատանքը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 30 տոկոսը «որոշ չափով բարենպաստ»։ Այս ցուցանիշին մոտ է նաև Հայ առաքելական եկեղեցին և վարչապետի աշխատակազմը։ 

Վարչապետի աշխատակազմի աշխատանքը հարցվածների 29 տոկոսը գնահատել է «շատ բարենպաստ», իսկ 26 տոկոսը «որոշ չափով բարենպաստ»։ Աշխատակազմի աշխատանքը 28 տոկոսը գնահատել է «անբարենպաստ», իսկ 15 տոկոսը՝ «որոշ չափով անբարենպաստ»։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի՝ նախարարների կաբինետի նկատմամբ հարցվածների վստահությունը բավական ցածր է․ վերջիններիս աշխատանքը «բարենպաստ» է համարել հարցվածների միայն 9 տոկոսը։ 

Կուսակցությունների գործունեությունը հացվածների 51 տոկոսը համարել է «շատ անբարենպաստ», իսկ 22 տոկոսը՝ «որոշ չափով անբարենպաստ»։ 

Ըստ հարցման տվյալների՝ մեծ է անվստահությունը նաև դատարանների նկատմամբ։ 

Ընտրություններ, վարկանիշեր

Թեև մեկ ամիս առաջ իշխող Իմ քայլը խմբակցությունը հայտարարում էր, թե խորհրդարանական ընտրությունների հանրային պահանջ չկա, սոցհարցման տվյալները բոլորովին այլ բանի մասին են վկայում։ Հարցվածների 37 տոկոսը համարել է, որ արտահերթ ընտրություններ «միանշանակ պետք են», իսկ 18  տոկոսը համարել է, որ «որոշակիորեն պետք են»։ Արտահերթ ընտրություններին դեմ է արտահայտվել հարցվածների 30 տոկոսը, իսկ 12 տոկոսը «որոշ չափով է դեմ» արտահայտվել։ Արտահերթ ընտրությունների պահանջի ամենամեծ ցանկությունն արտահայտվել է Երևանում։ Հարցվածների 57 տոկոսը հայտնել է, որ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն, դրանք պիտի կայանան գարնանը։ 

Արտահերթ ընտրություններին դեմ արտահայտվողները իրենց տեսակետը հիմնավորել են հիմնականում երեք հանգամանքով. առաջին հերթին, որ երկիրն այս պահին ունի այլ առաջնահերթություններ, երկրորդ հերթին՝ արտահերթ ընտրություններ չպետք է կազմակերպվեն, քանի որ գործող խորհրդարանը ընտրվել է լեգիտիմ ճանապարհով, երրորդ՝ քանի որ չկան այնպիսի կուսակցություններ, որոնց հարցմանը մասնակցածը վստահում է։ 

Հարցին, թե ով պետք է կազմակերպի խորհրդարանական ընտրությունները, հարցվածների 34 տոկոսը հայտնել է՝ միանշանակ գործող կառավարությանը կվստահի, իսկ 18 տոկոսը «ինչ-որ չափով կվստահի»։ Հարցվածների 27 տոկոսն ընդհանրապես դեմ է, որ գործող կառավարությունը կազակերպի ընտրություններ, իսկ 10 տոկոսը դեմ է «որոշ չափով»։ 

Ո՞ւմ կընտրեն հարցվածները, եթե հաջորդ կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեն հարցին 33 տոկոսը պատասխանել է՝ «Իմ քայլ»-ին, երկրորդ տեղում է ԲՀԿ-ն՝ 3 տոկոս ձայնով, իսկ երրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանը՝ 2 տոկոսով։ 17 կուսակցություններին միասին կընտրեր հարցվածների 1 տոկոսը։ Հարցվածների ամենամեծ հատվածը՝ 42 տոկոսը, որևէ մեկին չէր ընտրի։ 

Ո՞ր քաղաքական ուժին երբեք չեք ընտրի հարցին ի պատասխան հարցվածների 25 տոկոսը տվել է ՀՀԿ-ի անունը, 17 տոկոսը՝ ԲՀԿ-ի, 14 տոկոսը «Իմ քայլ»-ի, 10 տոկոսը՝ ՀՅԴ-ի, 8 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան»-ի, 6 տոկոսը 17 կուսակցությունների անունները։ 

Մկրտիչ Կարապետյան