Բրիտանական ամսագիրը ներողություն է խնդրել Քեմբրիջյան դքսուհուց

Բրիտանական Heat ամսագիրը ներողություն է խնդրել Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնից խանութում արված նրա լուսանկարը հրապարակելու համար: Ներողությունը տեղադրվել է Heat-ի կայքում:

Ներողության տեքստում ասված է, որ 2011-ի դեկտեմբերի 3-9-ի Heat-ի համարում հրապարակվել էր Քեյթ Միդլթոնի նկարը, որտեղ նա գնումներ է անում սուպերմարկետում: Ամսագրի խմբագրությունն ընդունել է, որ չպետք է հրապարակեր այդ լուսանկարը:

Նշենք, որ բրիտանական ամսագիրը ներողություն էր խնդրել Մամուլի դեմ բողոքների հանձնաժողովի պահանջով: Կազմակերպության կայքում ասված է, որ Քեյթ Միդլթոնի լուսանկարի հրապարակումը խախտել է խմբագիրների կանոնադրության միանգամից երկու՝ մասնավոր կյանքին չմիջամտելու և հետապնդման արգելքի կանոն:

Հատկանշական է, որ բրիտանական լրատվամիջոցների վրա ճնշումն ուժեղացել էր News of The World շաբաթաթերթի հետ կապված սկանդալից հետո: Պարբերականը փակվել էր 2011-ին այն բանից հետո, երբ նրա աշխատակիցները մեղադրվել էին հասարակ բրիտանացիների և հայտնի մարդկանց հեռախոսազրույցները լսելու մեջ: Միջադեպից հետո բրիտանական կառավարությունը հետաքննություն էր սկսել և որոշել էր ստուգել, թե որքանով են բրիտանական լրատվամիջոցներ հետևում էթիկայի նորմերին: Ընդհանուր առմամբ, հետաքննության արդյունքում ձերբակալվել է 50 մարդ: