Գիշիի հոսպիտալ․ պատերազմը, մահն ու կյանքը՝ ՍիվիլՆեթի օպերատորի աչքով

Gevorg Haroyan-Գևորգ Հարոյան

44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ՍիվիլՆեթի թիմը Արցախում էր։ Լրագրողները հրապարակում էին իրենց հոդվածներն ու տեսանյութերը։ Օպերատորները հաճախ ավելին են տեսնում, քան լրագրողները, բայց ամեն ինչ չէ, որ կարողանում են նկարահանել։ ՍիվիլՆեթի օպերատոր, լուսանկարիչ Գևորգ Հարոյանը պատմում է, թե ինչի է ականատես եղել Մարտունու շրջանի Գիշի գյուղում, որի դպրոցը հոսպիտալ էր դարձել, քանի որ շրջկենտրոն Մարտունին ահարկու ռմբակոծության էր ենթարկվում։

Արցախում ես պիտի ուղեկցեի ԱՄՆ-ից եկած լուսանկարիչ-լրագրողներ Մայքլ Գրիգորյանին ու Եզրաս Թելալյանին, ու զուգահեռ նկարեի։ Գիշիի հոսպիտալ Գլենդելից հայ բժիշկ էր եկել՝ Ալեքսանդր Գևորգյանը։ Գնացել էինք նրա հետ հարցազրույց անելու։ Հոսպիտալի տարածքում հերթապահ զինվորները թույլ չէին տալիս նկարահանում անել։ 

«Եղբայր, հասկանում եմ, որ հրաման ունեք թույլ չտալու ներս մտնել, բայց խնդրում եմ՝ հուշիր՝ ինչպես կարող եմ որևէ ձևով թույլտվություն ստանալ»,- ասացի ես։ Զինվորը ինձ հասկացրեց, որ հեռվում՝ Վիլիսում, հրամանատարն է, միայն ինքը կարող է թույլ տալ։ Մոտեցա Վիլիսին, հրամանատարին ներկայացա՝ ով եմ, ինչ գործով եմ, խնդրեցի՝ թույլ տա ներս մտնել։ Ասաց՝ կարող եք մտնել, բայց առանց կամերայի։ Հարցազրույցն էլ ի վերջո ամերիկահայ ուղեկիցս արեց տեքստային։

Մինչ Մայքլն ու Եզրասը կզրուցեին ամերիկահայ բժշկի հետ, որոշեցի շրջել հոսպիտալում, տեսնել՝ ինչ է կատարվում այնտեղ։ Պատերազմի ընթացքում անընդհատ ասում էին՝ «ամեն տեղ բառդակ ա», կազմակերպված չի։ Ինձ թվում էր՝ հոսպիտալում էլ եմ դա տեսնելու։

ՍիվիլՆեթի օպերատոր Գևորգ Հարոյանը

էն, ինչ սպասում էի տեսնել, տեսա լրիվ հակառակը։ Դպրոցի ճանապարհին շղթա էր անցկացված՝ ուղեփակոցի փոխարեն, կողքին երկու զինվոր էր կանգնած։ Ինքնաձիգները ձեռքին՝ հսկում էին հոսպիտալի տարածքն ու ռացիայով կապ տալիս արդեն դռների մոտ սպասող երեք տղաներին, երբ վիրավորներով մեքենաները մոտենում էին հոսպիտալին։ Էս երեք տղաներից երկուսը մկանուտ ու ամրակազմ էին՝ կինոյի տղերք։ Մեքենաները հերթով գալիս էին, վիրավորներ բերում, ու կանգնելուն պես՝ նրանցից երրորդը, որ փոքրամարմին էր, արագ բացում էր դուռը, և մյուս երկուսը գրեթե վազելով վիրավորներին տանում էին ներս։

Ներս մտնելուն պես՝ բժիշկը արագ նայում էր՝ հասկանալու՝ ինչ բարդության է վիրավորումը, ու ասում էր, թե որտեղ պառկեցնեն։ 

Էս ընթացքում մի աղջիկ էր մոտենում մատյանով ու, եթե զինվորը գիտակցություն ուներ, հարցնում էր անձնական տվյալներն ու գրանցում։

Աչքովս մի տեսարան ընկավ, որ եթե ինչ-որ ֆիլմում տեսնեի, կասեի՝ ռեժիսորը մի քիչ չափազանցրել է։ 

Վիրավոր զինվոր էր պառկած, հաստատ ժամկետային զինծառայող կլիներ։ Գրեթե ամբողջովին մերկ էր, միայն առնանդամի շրջանը փակված էր թաշկինակով։ Տղան մի քանի տեղից վիրավորում ուներ, կարծես՝ բեկորային վնասվածքներ։ Նրա կողքին 20-22 տարեկան մի աղջիկ էր։ Տպավորություն էր, որ աղջիկը նախկինում երբեք մերկ տղամարդ չէր տեսել։ Նա բժշկական թասի մեջ թրջում էր շորի կտորը ու տղայի մարմինը մաքրում չորացած արյունից։ Էդ կադրը մի քանի վայրկյան էր, որ տեսա, բայց դաջվեց մտքումս։ Շատ եմ ափսոսում, որ գոնե ֆոտոխցիկս՝ Ֆուջիս, չէի վերցրել։ Ի՜նչ կադրեր կորցրեցի։

Այս ամենը տեղի էր ունենում դպրոցի միջանցքում՝ դպրոցական միջավայրում, որտեղ պատին Մաշտոցի նկարն էր ու գրված՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ իմանալ զբանս հանճարոյ»։ Անմիջապես դրա տակ վիրավոր զինվորի մահճակալն էր։ 

Մտածում էի՝ միգուցե տղերք կային, որ հենց էս դպրոցը մի քանի ամիս առաջ էին ավարտել։ Ոնց կարող էին նրանք մտածել, որ մի քանի ամիս հետո վիրավոր հայտնվելու են նույն դպրոցում ու պայքարեն իրենց կյանքի համար։

Հոսպիտալում մնացի մոտ քառասուն րոպե։ Մարդիկ մեղվի պես աշխատում էին։

Մի մեքենա եկավ էդ ընթացքում։ Դռները բացեցին, տեսա՝ մարդ կար ներսում, բայց փակեցին։ Երևի արդեն մահացել էր։ 

Վարորդների աշխատանքն էլ էր բացառիկ։ Իրենք էլ էին երեխա՝ 18-20 տարեկան։ 

Նրանցից մեկը պատմեց, թե ինչպես են վիրավորներին հասցնում հոսպիտալ․ մեքենայով բժշկի հետ գնում էին, իջնում մեքենայից ու կրակի տակ գոռում՝ «վիրավոր կա՞»։ Ու այդպես՝ հենց վիրավոր էր լինում, արագ մեքենա էին դնում ու հասցնում հոսպիտալ։ 

Ընդհանրապես, ես կարծում եմ, որ էս պատերազմում վարորդների ու բժիշկների մասին պետք է մի առանձին ֆիլմ նկարվի։ Հավատացյալ մարդիկ ասում են՝ «Աստված կույրերին տեսողություն տվեց, մեռյալներին՝ կյանք»։ Ես էդ Աստծուն չեմ տեսել, բայց ես էս պատերազմի ընթացքում տեսա բժիշկներին, որ հենց դա էին անում։ Ու իրենք էլ կարծես աստվածներ լինեին։