Հայաստանցիների մեծամասնությունն ապագան տեսնում է Հայաստանում․ հարցում

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը 2021-ի փետրվարի 8-ից 16-ը (International Republican Institute – IRI) սոցհարցում է իրականացրել Հայաստանում։ Հարցմանը մասնակցել է 1 510 հոգի՝ 18 տարեկանից բարձր։

Հարցման մասնակիցներն այսօր երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը համարում են քաղաքական անկայունությունը․ այդ կարծիքին է 12 տոկոսը։ 11 տոկոսը կարծում է, որ ամենակարևորը տնտեսական խնդիրներն են, մասնավորապես՝ գործազրկությունը։ Պատերազմից մոտ երեք ամիս անց արված հարցման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամենակարևոր խնդիր է համարում հայաստանցիների 9 տոկոսը։ Ռազմական բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում 8 տոկոսը, իսկ կառավարության վատ աշխատանքի խնդիրն առաջնային է համարում 6 տոկոսը։

Հրադադարի մասին նոյեմբերի 10-ի հայտարարության ստորագրումից հետո հարցվածների 97 տոկոսի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է կենտրոնանա ներքին տնտեսական խնդիրների, քաղաքական կայունության, սոցիալական հարցերի վրա։

Հարցվածների 92 տոկոսը համոզված է, որ գործադիրի ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև Արցախի բնակիչների անվտանգ վերադարձի ապահովումը։ Հրադադարի մասին համաձայնագրի վերանայման հարցին ևս կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի՝ ըստ հարցման մասնակիցների 85 տոկոսի։ Որքան էլ տարօրինակ է՝ հարցվածների ընդամենը 14 տոկոսն է կարծում, որ համաձայնագրի ստորագրումից հետո կառավարությունը պետք է կենտրոնանա գերիների և անհայտ կորածների վերադարձի խնդրի վրա։

45 տոկոսի կարծիքով Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում, 31 տոկոսը համոզված է, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ 24 տոկոսը չգիտի հարցի պատասխանը կամ հրաժարվել է պատասխանել։

Բնակչության շրջանում տիրող տրամադրությունների վերաբերյալ հարցի պատասխանները գրեթե հավասարապես են բաժանված։ Օրինակ՝ 25-ական տոկոսը հուսով է, որ ապագան կլինի ինչ-որ չափով ավելի լավը, նույնչափ՝ 25 տոկոսը, ապագայի նկատմամբ անվստահություն, անհանգստություն, վախ ունի։ 24 տոկոսը հավատում է, որ ապագան անպայման ավելի լավը կլինի, իսկ լրիվ հիասթափված են և չեն հավատում վիճակի բարելավմանը հարցվածների 24 տոկոսը։

«Տեսնո՞ւմ եք ձեր ընտանիքի ապագան Հայաստանում առաջիկա 1-4 տարիներին» հարցին 51 տոկոսը պատասխանել է՝ այո՛, տեսնում է, 22 տոկոսը՝ հավանաբար այո։ 15 տոկոսը հաստատապես ապագա չի տեսնում Հայաստանում, 11 տոկոսը՝ հավանաբար, չի տեսնում։

Կարդացեք նաև՝ «Հայաստանցիների 55 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին․ հարցում»

Հակոբ Ասլանյան

Մեկնաբանել