«Հայրենիքի փրկության շարժումը» պատրաստ է խորհրդակցությունների իր առաջարկած օրակարգով

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը, արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, հայտարարություն է տարածել, որը ներկայացվում է ստորև։

«Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը, արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը,ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգային ճգնաժամը, և հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները։ Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝ հայտնում ենք նշված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մեր պատրաստակամությունը։

Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ»։

Այսօր՝ ավելի վաղ, նախագահի հրավերն ընդունելու վերաբերյալ հայտարարել էին «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունները։

Արմեն Սարգսյանը վարչապետին, «Հայրենիքի փրկության շարժման» և ԱԺ խմբակցությունների ղեկավարներին հանդիպման է հրավիրել՝ «առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով»։

Մեկնաբանել