Պատերազմից հետո առաջին անգամ Հայաստանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն

Մարտի 16-ից 20-ը Հայաստանի զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

Ըստ պաշտպանական գերատեսչության՝ զորավարժություններին ընդգրկվելու է շուրջ 7 500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

«Մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ են անցկացվելու համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ, նպատակ ունենալով՝ ստուգել զորքերի մարտունակությունը, օպերատիվ օղակի կառավարման կարողությունները և ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, ինչպես նաև անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, ինչպես մարտական, այնպես էլ ոչ մարտական հրաձգություններով»,- ասվում է հաղորդագրությունում։

Նոյեմբերի 9-ի զինադադարից հետո սրանք առաջին մեծ զորավարժություններն են, որ անցկացնելու է հայկական կողմը։