Իրարամերժ ուղերձներ ենք ստանում Անկարայից․ Արա Այվազյան

Վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով հայտարարությունը Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր։ Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս մասին «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։

«Իհարկե, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան Հայաստանում ներքին կայունության վրա, սակայն ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական ​​հեղաշրջման փորձ որակելու հետ: Դա Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր։ Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս առնչությամբ նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան»,- ասել է նա։

Փետրվարի 25-ին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր շտաբի հայտարարությունը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ։

Արա Այվազյանը հարցազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի ճգնաժամում Թուրքիայի դերին՝ նշելով, որ Թուրքիան տարածաշրջանում ունեցել և շարունակում է ունենալ ծայրաստիճան ապակայունացնող դեր:

«Հարյուր վեց տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, սակայն Թուրքիան շարունակում է Հայաստանի դեմ նոր վայրագությունների ուղղորդումը՝ այժմ նաև մեր տարածաշրջանում: Սակայն Հարավային Կովկասը Թուրքիայի միակ թիրախը չէ: Աշխարհը շարունակաբար ականատես է եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և այժմ Հարավային Կովկասում: Անպատժելիությունը խրախուսում է նոր հանցագործություններ, և այս խոսքերը լիովին բնութագրում են Թուրքիայի վերաբերմունքն ու դիրքորոշումն իր հարևանների նկատմամբ»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է․ «Այժմ մենք իրարամերժ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Անկարայից, և հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր ընդհանուր անցյալը՝ ժամանակն է, որ չառաջնորդվենք ուղերձներով, այլ իրական գործողություններով։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որպեսզի Թուրքիան փոխի իր ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ»:

Արա Այվազյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է վերսկսել ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար, և ոչ էլ հնարավորություն՝ տարածաշրջանային համագործակցության համար: Ադրբեջանը և Թուրքիան պետք է հստակ գիտակցեն, որ ներկայիս ստատուս քվոն, որը ագրեսիայի և ապօրինի ուժի կիրառման հետևանք է, ոչ կայուն է և ոչ էլ ընդունելի տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար»,- նշել է Այվազյանը։