Այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի․ նախագահ

Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ավելի վաղ առաջարկված ձևաչափը՝ մեկ սեղանի շուրջ հավաքել խմբակցություններին, վարչապետին և ընդդիմությանը, դառնում է անիրագործելի։

«Հաշվի առնելով, որ մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի:

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Այդ հանդիպումները հնարավորություն կտան ևս մեկ անգամ լսել բոլորի տեսակետները, ավելի հստակեցնել դիրքորոշումները և դրանց հիման վրա ձևավորել աշխատանքային օրակարգ:

Հանրապետության նախագահը վերահաստատում է իր այն համոզմունքը, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են, և պետք է անել ամեն ինչ` երկիրը զերծ պահելու ցնցումներից»,- ասված է հայտարարությունում։

***

Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, «Հայրենիքի փրկության շարժման» և ԱԺ խմբակցությունների ղեկավարներին հանդիպման է հրավիրել՝ «առկա իրավիճակը քննարկելու և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով»։

Նախագահի հրավերն ընդունելու վերաբերյալ հայտարարել էին «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունները։

«Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարել է, որ պատրաստ է խորհրդակցությունների, բայց իր առաջարկած օրակարգով՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը, անդրադառնալով նախագահի հրավերին, ասել է․ «Նախագահը հրավերն ուղարկել է մեզ, բայց տվյալ հրավերի մեջ ծրագրային ինչ-որ պարզաբանում` ինչի մասին պետք է խոսենք, կամ ծրագիրը մի քիչ բաց չի, արտահայտված չի: Գրած է, հանդիպենք, կխոսենք: Եթե նա հարցադրումներ կդնի, կետերը կդնի, ծրագրի մեջ, որ այս հարցն է, կհանդիպենք, կքննարկենք, կասենք, բայց հենց այնպես քննարկելու, խոսելու համար ես հարկ չեմ համարում»: Նա հավելել է, որ «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը` նախագահի հետ հանդիպմանը գնալ իրենց օրակարգով, համաձայնեցված է եղել նաև իր հետ:

Մեկնաբանել