Նախագահը և վարչապետը քննարկել են արտահերթ ընտրությունների հարցը

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում: Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը»,- նշվում է հաղորդագրությունում:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար մեկ սեղանի շուրջ հանդիպման էր հրավիրել նաև Հայրենիքի փրկության շարժման և ԱԺ խմբակցությունների ղեկավարներին։ Ավելի ուշ հաղորդվեց, որ այդ ձևաչափով հանդիպումը չի կայանալու։