Արտահերթ ընտրություններ, ռազմագերիներ, շիաներ և Տեր-Պետրոսյան․ Էրիկ Հակոբյանի շաբաթվա ամփոփումը

Արտահերթ ընտրություններ, ռազմագերիներ, շիաներ և Տեր-Պետրոսյան․ Էրիկ Հակոբյանի շաբաթվա ամփոփումը

Այս շաբաթվա ամփոփմանը Էրիկ Հակոբյանը անդրադառնում է արտահերթ ընտրությունների շուրջ վերջին քննարկումներին, ռազմագերիների հարցին, շիական առաջնորդների հետ հարաբերությունների բացակայությանը և երկրի իրավիճակի մասին նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը:

Արտահերթ ընտրություններ

Խոսակցություններ են պտտվում խորհրդարանում կուլիսների ետևում ընթացող բանակցությունների մասին։ Բանակցություններ, որոնք պետք է տեղի ունենան խորհրդարանական երեք հիմնական ուժերի միջև՝ Իմ Քայլի, Լուսավոր Հայաստանի և ԲՀԿ-ի։ Առաջին երկու կուսակցությունները համաձայնության են եկել արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության շուրջ՝ չնայած Էդմոն Մարուքյանը որպես նախապայման դեռ պահանջում է Գլխավոր շտաբի պետի՝ պաշտոնում վերականգնվելը։

Առաջիկա ընտրությունն ամբողջացնելու համար անհրաժեշտ է Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը հասկանալ։ Առայժմ այդ բանակցությունները, համենայն դեպս հրապարակային, թվում է, թե կանգ են առել, ինչը հետաձգում է այս գործընթացը։ Բայց ակնկալվում է, որ հաջորդ մի քանի շաբաթվա ընթացքում ինչ-որ համաձայնության կգան, և հավանաբար, կունենանք արտահերթ ընտրություններ գարնան վերջ – ամռան սկիզբ ընկած ժամանակահատվածում։

Ռազմագերիներ

Երկրորդ բանը, որի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել, Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիներն են։ Այս շաբաթ լիտվացի մշակութային գործիչներ՝ առաջավոր մտավորականների ու արվեստագետների հետ, Ադրբեջանի կառավարությանը պահանջ ներկայացրին՝ ազատ արձակելու մեր ռազմագերիներին ու գերիներին։ Մեզ համար կարևոր է նման անձանց ու նախաձեռնություններին մեր երախտագիտությունը հայտնելը, և ինչն ամենակարևորն է, նրանք պետք է օրինակ ծառայեն աշխարհի մշակութային ու քաղաքական գործիչների համար։ Գործընթացն արդեն իսկ անցում է կատարել քաղաքական գործիչներին։ Օրինակ, այս շաբաթ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ Նյու Ջերսի նահանգից սենատոր Մենենդեսը, Ադրբեջանի կառավարությանը պաշտոնական պահանջ ներկայացրեց՝ ազատ արձակելու հայ ռազմագերիներին ու գերիներին։ Ուստի, կարևոր է, որ մենք կազմակերպված աշխատանք տանենք այս ուղղությամբ։ Հուսով եմ, որ ցանկացած ներքին տրոհում, որ կարող է լինել Հայաստանում կամ Սփյուռքում, չի խանգարի այս հարցին համատեղ լուծում տալուն։

Ինչո՞ւ Հայաստանը կապ չի հաստատում շիա առաջնորդների հետ

Հաջորդ հարցը, որին կանդրադառնամ, ուղղակիորեն Հայաստանի հետ կապ չունի և ավելի շուտ վերաբերում է բաների, որոնց շուրջ պետք է սկսենք մտածել, և բաների, որ չենք անում։

Այս շաբաթ Հռոմի Ֆրանցիսկոս պապը, այցելելով Իրաքի քրիստոնեական համայնքներ, այցելեց նաև Նաջաֆ քաղաք՝ Իրաքում շիական իսլամի սրբատեղին, հանդիպելու շիաների առաջնորդ, Իրաքի բարձրագույն շիա հոգևորական Այաթոլլա Ալի ալ-Սիստանիին։ Այսինքն, աշխարհի ամենախոշոր եկեղեցու առաջնորդը այց է կատարում Նաջաֆի նեղլիկ փողոցներ՝ հանդիպելու այս մարդուն։

Հարցս հետևյալն է՝ մեր կրոնական առաջնորդներից քանի՞սն են նույն ուղով անցել՝ չնայած այն փաստին, որ մեր հարևան շիական աշխարհը մեզ համար շատ ավելի էական է, քան Պապի համար։ Կամ, ինչն ավելի կարևոր է, ի՞նչ հաճախականությամբ են մեր քաղաքական գործիչները դիմել մեր կրոնական գործիչներին՝ կատարելու նման այցեր։

Ինչպես գիտենք, Ադրբեջանում գերիշխող կրոնը շիա իսլամն է, և եթե կա Ալիևին նյարդայնացնող բան, դա այդ երկրում ցանկացած կրոնական շարժում կամ կրոնական բնույթ ունեցող իրադարձություններն են։ Ալիևը բռնակալ է, բայց նա աշխարհիկ բռնակալ է։ Եթե կա մի բան, որ Ալիևի քունը փախցնելու է, հայ քաղաքական առաջնորդների՝ շիա կրոնական առաջնորդների գրասենյակներ ելումուտ անելն է։

Միաժամանակ, Թուրքիայի կառավարությունն իր կրոնական կազմակերպությունների միջոցով շատ ակնհայտ փորձ է կատարել Ադրբեջանի բնակչությանը շեղելու շատ ավելի իրանական ոճի իսլամից դեպի սուննի՝ թուրքական ոճի իսլամի, ինչը մեզ համար շահեկան չէ։ Մեզ համար կարևոր է պահպանել ու զարգացնել այդ կապերը, ինչպես հին ասացվածքն է ասում՝ «քո թշնամու թշնամին քո ընկերն է»։ Բայց նրանք կարող են օգտակար լինել միայն այն դեպքում, երբ դու հանդիպես, ճանաչես և հարաբերություններ կառուցես նրանց հետ։

Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության շուրջ

Այս շաբաթ Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մեկնաբանեց երկրում ընթացող իրավիճակը։ Չնայած այն հանգամանքին, որ նա հակասական կերպար է, և նրան կա՛մ սիրում են, կա՛մ ատում, Տեր-Պետրոսյանը անձ է, որին արժե լսել։ Նա երկրում մեր ունեցած այն սակավաթիվ քաղաքական գործիչներից է, որը ծանրութեթև է անում ամեն ինչ, նույնիսկ, եթե նրա հետ համաձայն չեք։ Վերջինս մի քանի նկատառումներ արեց պատերազմի, ներկա քաղաքական իրավիճակի և այն մասին, թե ըստ իրեն՝ ինչն է ներկա պահին էական։

Նախևառաջ, Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղակիորեն մեղադրեց վարչապետին պատերազմում պարտության համար: Նա դա ասաց ի հեճուկս այն փաստի, որ 2008-ի ընտրություններում Փաշինյանը եղել է իր թիմի անդամ։

Երկրորդ, նա կանգնեց բանակի կողքին՝ ասելով, որ հասկանում է՝ ինչու է բանակի բարձրագույն սպայակույտը պահանջել Փաշինյանի հրաժարականը, և ակնհայտորեն դիրքորոշեց իրեն, թե այս գծի որ կողմում է։

Տեր-Պետրոսյանը շատ վճռականորեն դատապարտեց նաև ընդդիմությանը՝ բանակին քաղաքականության մեջ ներգրավելու և Փաշինյանի կառավարությանը տապալելու կոչերի համար։ Հեգնական է այն ընկալումը, որ 1996-ին նույն Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրություններում գողացավ ընտրաձայները ընդդիմության ներկայիս առաջնորդ Վազգեն Մանուկյանից, որից հետո տանկեր բերեց փողոց։ Իրադարձություն, որը Վազգեն Մանուկյանի գլխավորած ընդդիմությունը հեղաշրջում անվանեց․․․ մի քայլ, որ Վազգեն Մանուկյանը կոչ է անում քսանհինգ տարի անց։

Ի՞նչ է այս ամենը մեզ ասում․ ասում է, որ քաղաքական գործիչները կայուն չեն իրենց խոսքերում ու համոզմունքներում, և անում են այն, ինչն իրենց այդ պահին հարմար է։

Ավելի լայն համատեքստում, ըստ իս, սա նշանակում է՝ մենք պետք է սովորենք քննադատորեն մոտենալ այս բոլոր մարդկանց և նրանց շարժառիթներին։ Դա չի նշանակում, որ չպետք է նրանց լսել։ Սակայն պետք է քննադատորեն մոտենալ։ Քաղաքական այս ծեր գործիչների փաստարկները ինձ հիշեցնում են արգենտինացի գրող Բորխեսի հայտնի տողը՝ նա բոլոր այդ քաղաքական գզվռտոցները նկարագրում է որպես մի խումբ ճաղատների պայքար, որոնք կռվում են սանրի համար։ Հայաստանում հենց դա է կատարվում։

Վերջին 25-30 տարվա քաղաքական դասակարգը ներգրավված է մանր վիճաբանություններում՝ ով էր ճիշտ 1996-ին կամ ով էր սխալ 1997-ի [Ղարաբաղյան խնդրի կարգավորման – խմբ․] առաջարկը մերժելու հարցում։

Սակայն այս մարդկանցից ոչ ոք պատասխանատվություն չի վերցրել իր մասով՝ ձեռնհաս տնտեսություն, ձեռնհաս պետություն և ձեռնհաս բանակ կառուցելու բացթողումների հարցով։ Եվ ինչն ավելի կարևոր է՝ նրանցից ոչ ոք մեզ չի տվել տեսլական, թե ինչ է անհրաժեշտ՝ պատշաճ տնտեսություն, պետություն և բանակ կառուցելու համար։

Ուստի, չնայած կարևոր է լսել, թե մարդիկ ինչ ասելիք ունեն, մենք պետք է ինքներս մտածենք սեփական ուղեղով և քննադատաբար մոտենանք նրանց շարժառիթներին և որպես հանրություն, որպես ժողովուրդ, առաջ գնալու ուղի գտնենք՝ անկախ նրանից, թե ինչ է անում կամ չի անում քաղաքական դասակարգը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել