Հայանտառի տնօրենը մտադիր է կիսել Թումանյանի անտառտնտեսությունը

Ոստիկանությունը օրերս Մարց գյուղի տակ՝ անտառի ճանապարհին, փայտագողերին բռնելու հերթապահություն է սահմանել: Անտառի մաֆիան բացահայտելու և չեզոքացնելու փոխարեն ոստիկանությունը օրերս Մարց գյուղի տակ՝ անտառի ճանապարհին, փայտագողերին բռնելու հերթապահություն է սահմանել:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի  տնօրեն Պավել Ցուգունյանը  մտադրություն ունի կիսել Հայանտառի  նորաստեղծ «Թումանյանի անտառտնտեսություն»  մասնաճյուղը։

Պավել Ցուգունյանն իր առաջարկը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության անտառային պետական կոմիտեին: Հուսով է, որ անտառի շահերից ելնելով՝առաջարկը կընդունվի: «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղը վեց ամիս առաջ ստեղծվել է «Հայանտառի» նախկին՝ Դսեղի և Լալվարի անտառտնտեսությունների միաձուլմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության  անտառային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի 2020թ. ի հունիսի 8-ի հրամանով: Մասնաճյուղի պահպանությանն է հանձնվել 38,2 հազար հա անտառ: Պավել Ցուգունյանի խոսքով՝ «Հայանտառի» երկու անտառտնտեսությունները միաձուլվել են օպտիմալացման նպատակով:

Հայանտառի աշնանային ստուգումներով պարզվել է, որ 2020թ. սեպտեբերից  դեկտեմբերի 30-ը՝ չորս ամսվա ընթացքում, «Թումանյանի  անտառտնտեսություն»  մասնաճյուղի անտառներում անհայտ անձինք ապօրինի հատել են 1 574 ծառ: «Դրանք հիմնականում հատվել են մասնաճյուղի Դսեղի տեղամասի անտառներում»,-  ասում է մասնաճյուղի տնօրեն Կամո Ղարագոզյանը: Ապօրինի հատումները կանխելու փոխարեն՝ մասնաճյուղի տնօրինությունը հատված ծառերի կոճղերը արձանագրել և ուղարկել է Թումանյանի ոստիկանության բաժին:

«Հայանտառի» տնօրեն Պավել Ցուգունյանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաշվարկով՝ 1 574 ծառերի հատումով շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 130 մլն դրամ:  Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի խոսքով՝ մասնաճյուղում ապօրինի հատված թարմ ծառերի թիվը 1 574-ից շատ է: Անտառի այսպիսի ավարի պայմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը  հայտնեց, որ տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից 2020թ. մասնաճյուղի  անտառներում հայտնաբերվել է ապօրինի հատված  23 ծառ, արդյունքում բնությանը պատճառած վնասը կազմել է 1,047 մլն դրամ,  2021թ. հայտնաբերվել է ապօրինի հատված 10 ծառ, բնության պատճառված վնասը կազմել է 192 հազար դրամ: Պավել Ցուգունյանի խոսքով՝ փայտագողերը հատում են անտառի կանգուն և առողջ ծառերը: Չեն խնայում անգամ Կարմիր գրքում գրանցված ծառերը:

Մինչ անհայտ անձինք զանգվածաբար ոչնչացնում են անտառը՝ մասնաճյուղի տնօրինությունը Հայանտառից 2020թ. հանձնարարված սանիտարական հատումներով 1 500 խմ փայտանյութի պատրաստման պլանը կատարել է հազիվ 30 տոկոսով: Ապօրինի հատված 1 574  ծառերից 614-ը նախորդ տարվա աշնանային ստուգումներին բացահայտել են «Հայանտառի» մասնագետները: Կամո Ղարագյոզյանի խոսքով՝ «Հայանտառի» աշնանային ստուգումներին մասնաճյուղի կողմից բացահայտվել է ապօրինի հատված 1 104 ծառ: «Անտառի աշխատողների անելիքը ոչ միայն ապօրինի հատված ծառերն արձանագրելն ու ոստիկանություն  ուղարկելն է, այլ կանխարգելելը: «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում արդեն ունենք հաստատված  քրեական  գործեր»,- հայտնեց  քննչական բաժնի պետը: Նախաքննության շահերից ելնելով Կարապետյանը  մասնաճյուղում կատարված ապօրինի ծառահատումներից  մանրամասներ մեզ չհաղորդեց: Ցուգունյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն է աշխատում 2020թ. սեպտեմբերից: Նորաստեղծ  մասնաճյուղում զանգվածային ապօրինի  ծառահատումները համընկնում են նրա պաշտոնավարման վեց ամիսներին:

Կամո Ղարագոզյանը բացատրում է, որ ծառերի ապօրինի  հատումները  մասնաճյուղի 64 աշխատողներով չեն կարողացել կանխել, քանի որ պատերազմի ժամանակ իրենց չի հաջողվել համագործակցել ոստիկանության Թումանյանի բաժնի հետ: Տնօրենը պատճառաբանեց նաև, որ մասնաճյուղի անտառապետերից ու անտառապահներից ունեցել են պատերազմ մեկնած կամավորներ: Պարզեցինք, որ  մասնաճյուղից որևէ կամավոր  ռազմաճակատ չի մեկնել: Ղարագոզյանը նշեց, որ միաձուլումից հետո անցած վեց ամիսներին անտառպահպանության համար մասնաճյուղը «Հայանտառից» որևէ աջակցություն  չի ստացել։ «Մենք մեկ Նիվա  մակնիշի ավտոմեքենա ունենք՝ 38,2 հազար հա անտառը հսկում ենք  այդ  ավտոմեքենայով»,- բացատրեց Ղարագոզյանը: Նրա խոսքով՝ մասնաճյուղի Դսեղի տեղամասում վերջերս պետ է նշանակվել: «Հայանտառը» տեղամասին հատկացրել է   «ԳԱԶ 31» մակնիշի մեքենա: Այսուհանդերձ, մեզ հետ զրույցում Կամո Ղարագոզյանը  ավելի քան վստահ էր, որ անհայտ անձանց կողմից  մասնաճյուղում մեծաքանակ ծառերի  հատումը հնարավոր չէր իրականացնել՝ առանց  մասնաճյուղի անտառապետերի և անտառապահների մասնակցության:

Կամո Ղարագոզյանը

Մասնաճյուղը ստեղծելուն պես «Հայանտառը» Կամո Ղարագոզյանի առաջարկությամբ «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում  աշխատանքի է ընդունել արատավորված նախկին անտառապետերի: Նորիկ Ամիրխանյանի պահպանությանը հանձնված Դսեղի անտառապետության միայն 5-րդ պահաբաժնում  դեկտեմբերին հայտնաբերվել է ապօրինի հատված 618 կանգուն ծառ: Հատվածների մեջ հաշվառված է 68 կաղամախին, 326 կաղնի, 100 բոխի, 124 ուռի:

Նորայր Ամիրխանյանը երեք ամիս փորձաշրջանով Դսեղի անտառապետության անտառապետ է նշանակվել 2020թ. սեպտեմբերի 10-ին՝ Կամո Ղարագոզյանի առաջարկությամբ: Մինչ այդ Ամիրխանյանը  աշխատել  է Լորուտի անտառապետության Մարցի տեղամասի անտառապահ: Դսեղի  նախկին անտառտնտեսության տնօրեն Արամ Քոչարյանի միջնորդությամբ երկու տարի առաջ ապօրինի անտառահատումների համար ազատվել է անտառապահի  աշխատանքից:

Ղարագոզյանը դեկտեմբերի 2-ին  ստիպված է եղել Հայանտառի տնօրեն Պավել Ցուգունյանին գրավոր տեղյակ  պահել, որ անտառապետի  պաշտոնում փորձաշրջանով աշխատելու ընթացքում Նորայր Ամիրխանյանը թերացել է իր պարտականությունների մեջ և պատշաճ չի կատարում անտառի պահպանությունը: Դսեղի անտառապետության տարածքում շարունակվում են ծառերի ապօրինի հատումները և անտառախախտման դեպքերը:

Ղարագոզյանը Հայանտառի տնօրենին միջնորդել է Ամիրխանյանին  ազատել  անտառապետի պաշտոնից՝ մինչև փորձաշրջանի ժամկետի լրանալը: Պավել Ցուգունյանը, հաշվի առնելով ապօրինի հատված ծառերի քանակը, քրեական պատասխանատվության ենթակա Նորիկ Ամիրխանյանի նկատմամբ  դեկտեմբերի 17-ի հրամանով կիրառել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ: Նա «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է կիրառել նաև Դսեղի անտառապետության թիվ 1 պահաբաժնի  անտառապահ Վաղարշակ Վարդանյանի նկատմամբ:

Ոստիկանության կողմից բռնագրավված փայտ

«Մենք չենք կարող մարդուն աշխատանքից հեռացնել առանց հիմքերի, իսկ հիմքերի համար կարող ենք տալ նկատողություն, երկրորդ՝ նկատողություն, երրորդ՝ նկատողություն: Իմ ուսումնասիրություններից երևում է, որ տարիներ շարունակ «Հայանտառն» ում աշխատանքից հեռացրել է, դատարանով վերականգնվել են: Ու դատարանը պահանջել է, հեռացվածի  չաշխատած պարապուրդի գումարը  վճարել: Փաստը այն է, որ անտառապետի պարտականությունն է անտառ պահելը: Վերջ ի վերջո  անտառի աշխատողները պետք է շրջեն, ոչ թե սպասեն, որ անտառը հատեն, հետո իրենք  հայտարարեն, թե անտառը  ապօրինի հատվել է»,- բացատրեց Պավել Ցուգունյանը: Իր դեկտեմբերի 3-ի գրությամբ  Կամո Ղարագոզյանը  Հայանտառի տնօրենին հայտնել է. «Մասնաճյուղի  Մոտկորի  անտառապետության  պահաբաժինների աշնանային ստուգումների ժամանակ 4-րդ պահաբաժնում հայտնաբերվել են ապօրինի հատված բազմաթիվ ծառեր, որոնք անտառապահի և անտառապետի կողմից  ժամանակին  չեն հայտնաբերվել  ու չեն արձանագրվել»: 

Պավել Ցուգունյանը «խիստ նկատողություն» տույժ է  կիրառել նաև Մոտկորի անտառապետ Լեռնիկ Մելիքյանի և անտառապահ Դավիթ  Վանյանի նկատմամբ: «Հայանտառի» աշնանային  ստուգումների ընթացքում  ապօրինի հատված 186  ծառ է  հայտնաբերվել Մարցի անտառապետությունում: Ցուգունյանի կողմից  «խիստ նկատոողություն» տույժ է կիրառվել նաև անտառապետ Վաչե Խաչատրյանի նկատմամբ: Մասնաճյուղի  անտառների  պահաբաժիններում  մեծաքանակ ծառերի  ապօրինի հատումների համար «Հայանտառի» տնօրենը  նկատողություն է հայտարարել «Թումանյանի անտառտնտեսություն»  մասնաճյուղի տնօրեն Կամո Ղարագոզյանին,  ավագ անտառապետին, պահպանության ինժեներին:

Այսուհանդերձ , կիրառած  տույժերը  չեն  նպաստել մասնաճյուղում  ապօրինի ծառահատումների կանխմանը: Նկատելով  ծառահատումների ծայրահեղ վիճակը՝  Պավել Ցուգունյանն իր պաշտոնավարման վեց ամիսներին վեց անգամ այցելել  է մասնաճյուղի անտառներ: Ասում է՝ նույնիսկ  այցելություններին ապօրինի ծառահատողներ է բռնել: «Հայանտառի» տնօրենը նկատել է, որ Դսեղ գնացող ճանապարհի  բլուրներից մեկի վրա կայանած մի մեքենա հսկում է ճանապարհը և  արտառոց մեքենա նկատելու դեպքում զանգահարում է փայտագողերին:

«Անտառագողերը Դսեղում  վճարովի հատուկ մարդիկ ունեն, որոնք հսկում են նրանց   անվտանգությունը»,- ասում  է «Հայանտառի» տնօրենը: Դսեղի անտառների  գործող մաֆիայի մասին  տարածաշրջանում շատ վաղուց են խոսում: Մաֆիայի մեջ  ընդգրկված են եղել և այսօր էլ ընդգրկված են  առանձին անտառապետեր: Անտառի մաֆիան բացահայտելու և չեզոքացնելու փոխարեն ոստիկանությունը օրերս Մարց գյուղի տակ՝ անտառի ճանապարհին, փայտագողերին բռնելու  հերթապահություն է սահմանել:  

Լուսանկարները՝ հեղինակի