Հայանտառի տնօրենը մտադիր է կիսել Թումանյանի անտառտնտեսությունը

Ոստիկանությունը օրերս Մարց գյուղի տակ՝ անտառի ճանապարհին, փայտագողերին բռնելու հերթապահություն է սահմանել: Անտառի մաֆիան բացահայտելու և չեզոքացնելու փոխարեն ոստիկանությունը օրերս Մարց գյուղի տակ՝ անտառի ճանապարհին, փայտագողերին բռնելու հերթապահություն է սահմանել:

Լարիսա Փարեմուզյան, Ալավերդի

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պավել Ցուգունյանը մտադրություն ունի կիսել Հայանտառի նորաստեղծ «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղը։

Պավել Ցուգունյանն իր առաջարկը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության անտառային պետական կոմիտեին: Հուսով է, որ անտառի շահերից ելնելով՝առաջարկը կընդունվի: «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղը վեց ամիս առաջ ստեղծվել է «Հայանտառի» նախկին՝ Դսեղի և Լալվարի անտառտնտեսությունների միաձուլմամբ՝ Շրջակա միջավայրի նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արուսյակ Սիրադեղյանի 2020թ. ի հունիսի 8-ի հրամանով: Մասնաճյուղի պահպանությանն է հանձնվել 38,2 հազար հա անտառ: Պավել Ցուգունյանի խոսքով՝ «Հայանտառի» երկու անտառտնտեսությունները միաձուլվել են օպտիմալացման նպատակով:

Հայանտառի աշնանային ստուգումներով պարզվել է, որ 2020թ. սեպտեբերից դեկտեմբերի 30-ը՝ չորս ամսվա ընթացքում, «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառներում անհայտ անձինք ապօրինի հատել են 1 574 ծառ: «Դրանք հիմնականում հատվել են մասնաճյուղի Դսեղի տեղամասի անտառներում»,- ասում է մասնաճյուղի տնօրեն Կամո Ղարագոզյանը: Ապօրինի հատումները կանխելու փոխարեն՝ մասնաճյուղի տնօրինությունը հատված ծառերի կոճղերը արձանագրել և ուղարկել է Թումանյանի ոստիկանության բաժին:

«Հայանտառի» տնօրեն Պավել Ցուգունյանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաշվարկով՝ 1 574 ծառերի հատումով շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 130 մլն դրամ: Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ Էդվարդ Կարապետյանի խոսքով՝ մասնաճյուղում ապօրինի հատված թարմ ծառերի թիվը 1 574-ից շատ է: Անտառի այսպիսի ավարի պայմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը հայտնեց, որ տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի կողմից 2020թ. մասնաճյուղի անտառներում հայտնաբերվել է ապօրինի հատված 23 ծառ, արդյունքում բնությանը պատճառած վնասը կազմել է 1,047 մլն դրամ, 2021թ. հայտնաբերվել է ապօրինի հատված 10 ծառ, բնության պատճառված վնասը կազմել է 192 հազար դրամ: Պավել Ցուգունյանի խոսքով՝ փայտագողերը հատում են անտառի կանգուն և առողջ ծառերը: Չեն խնայում անգամ Կարմիր գրքում գրանցված ծառերը:

Մինչ անհայտ անձինք զանգվածաբար ոչնչացնում են անտառը՝ մասնաճյուղի տնօրինությունը Հայանտառից 2020թ. հանձնարարված սանիտարական հատումներով 1 500 խմ փայտանյութի պատրաստման պլանը կատարել է հազիվ 30 տոկոսով: Ապօրինի հատված 1 574 ծառերից 614-ը նախորդ տարվա աշնանային ստուգումներին բացահայտել են «Հայանտառի» մասնագետները: Կամո Ղարագյոզյանի խոսքով՝ «Հայանտառի» աշնանային ստուգումներին մասնաճյուղի կողմից բացահայտվել է ապօրինի հատված 1 104 ծառ: «Անտառի աշխատողների անելիքը ոչ միայն ապօրինի հատված ծառերն արձանագրելն ու ոստիկանություն ուղարկելն է, այլ կանխարգելելը: «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում արդեն ունենք հաստատված քրեական գործեր»,- հայտնեց քննչական բաժնի պետը: Նախաքննության շահերից ելնելով Կարապետյանը մասնաճյուղում կատարված ապօրինի ծառահատումներից մանրամասներ մեզ չհաղորդեց: Ցուգունյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն է աշխատում 2020թ. սեպտեմբերից: Նորաստեղծ մասնաճյուղում զանգվածային ապօրինի ծառահատումները համընկնում են նրա պաշտոնավարման վեց ամիսներին:

Կամո Ղարագոզյանը բացատրում է, որ ծառերի ապօրինի հատումները մասնաճյուղի 64 աշխատողներով չեն կարողացել կանխել, քանի որ պատերազմի ժամանակ իրենց չի հաջողվել համագործակցել ոստիկանության Թումանյանի բաժնի հետ: Տնօրենը պատճառաբանեց նաև, որ մասնաճյուղի անտառապետերից ու անտառապահներից ունեցել են պատերազմ մեկնած կամավորներ: Պարզեցինք, որ մասնաճյուղից որևէ կամավոր ռազմաճակատ չի մեկնել: Ղարագոզյանը նշեց, որ միաձուլումից հետո անցած վեց ամիսներին անտառպահպանության համար մասնաճյուղը «Հայանտառից» որևէ աջակցություն չի ստացել։ «Մենք մեկ Նիվա մակնիշի ավտոմեքենա ունենք՝ 38,2 հազար հա անտառը հսկում ենք այդ ավտոմեքենայով»,- բացատրեց Ղարագոզյանը: Նրա խոսքով՝ մասնաճյուղի Դսեղի տեղամասում վերջերս պետ է նշանակվել: «Հայանտառը» տեղամասին հատկացրել է «ԳԱԶ 31» մակնիշի մեքենա: Այսուհանդերձ, մեզ հետ զրույցում Կամո Ղարագոզյանը ավելի քան վստահ էր, որ անհայտ անձանց կողմից մասնաճյուղում մեծաքանակ ծառերի հատումը հնարավոր չէր իրականացնել՝ առանց մասնաճյուղի անտառապետերի և անտառապահների մասնակցության:

Կամո Ղարագոզյանը

Մասնաճյուղը ստեղծելուն պես «Հայանտառը» Կամո Ղարագոզյանի առաջարկությամբ «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղում աշխատանքի է ընդունել արատավորված նախկին անտառապետերի: Նորիկ Ամիրխանյանի պահպանությանը հանձնված Դսեղի անտառապետության միայն 5-րդ պահաբաժնում դեկտեմբերին հայտնաբերվել է ապօրինի հատված 618 կանգուն ծառ: Հատվածների մեջ հաշվառված է 68 կաղամախին, 326 կաղնի, 100 բոխի, 124 ուռի:

Նորայր Ամիրխանյանը երեք ամիս փորձաշրջանով Դսեղի անտառապետության անտառապետ է նշանակվել 2020թ. սեպտեմբերի 10-ին՝ Կամո Ղարագոզյանի առաջարկությամբ: Մինչ այդ Ամիրխանյանը աշխատել է Լորուտի անտառապետության Մարցի տեղամասի անտառապահ: Դսեղի նախկին անտառտնտեսության տնօրեն Արամ Քոչարյանի միջնորդությամբ երկու տարի առաջ ապօրինի անտառահատումների համար ազատվել է անտառապահի աշխատանքից:

Ղարագոզյանը դեկտեմբերի 2-ին ստիպված է եղել Հայանտառի տնօրեն Պավել Ցուգունյանին գրավոր տեղյակ պահել, որ անտառապետի պաշտոնում փորձաշրջանով աշխատելու ընթացքում Նորայր Ամիրխանյանը թերացել է իր պարտականությունների մեջ և պատշաճ չի կատարում անտառի պահպանությունը: Դսեղի անտառապետության տարածքում շարունակվում են ծառերի ապօրինի հատումները և անտառախախտման դեպքերը:

Ղարագոզյանը Հայանտառի տնօրենին միջնորդել է Ամիրխանյանին ազատել անտառապետի պաշտոնից՝ մինչև փորձաշրջանի ժամկետի լրանալը: Պավել Ցուգունյանը, հաշվի առնելով ապօրինի հատված ծառերի քանակը, քրեական պատասխանատվության ենթակա Նորիկ Ամիրխանյանի նկատմամբ դեկտեմբերի 17-ի հրամանով կիրառել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժ: Նա «խիստ նկատողություն» կարգապահական տույժ է կիրառել նաև Դսեղի անտառապետության թիվ 1 պահաբաժնի անտառապահ Վաղարշակ Վարդանյանի նկատմամբ:

Ոստիկանության կողմից բռնագրավված փայտ

«Մենք չենք կարող մարդուն աշխատանքից հեռացնել առանց հիմքերի, իսկ հիմքերի համար կարող ենք տալ նկատողություն, երկրորդ՝ նկատողություն, երրորդ՝ նկատողություն: Իմ ուսումնասիրություններից երևում է, որ տարիներ շարունակ «Հայանտառն» ում աշխատանքից հեռացրել է, դատարանով վերականգնվել են: Ու դատարանը պահանջել է, հեռացվածի չաշխատած պարապուրդի գումարը վճարել: Փաստը այն է, որ անտառապետի պարտականությունն է անտառ պահելը: Վերջ ի վերջո անտառի աշխատողները պետք է շրջեն, ոչ թե սպասեն, որ անտառը հատեն, հետո իրենք հայտարարեն, թե անտառը ապօրինի հատվել է»,- բացատրեց Պավել Ցուգունյանը: Իր դեկտեմբերի 3-ի գրությամբ Կամո Ղարագոզյանը Հայանտառի տնօրենին հայտնել է. «Մասնաճյուղի Մոտկորի անտառապետության պահաբաժինների աշնանային ստուգումների ժամանակ 4-րդ պահաբաժնում հայտնաբերվել են ապօրինի հատված բազմաթիվ ծառեր, որոնք անտառապահի և անտառապետի կողմից ժամանակին չեն հայտնաբերվել ու չեն արձանագրվել»:

Պավել Ցուգունյանը «խիստ նկատողություն» տույժ է կիրառել նաև Մոտկորի անտառապետ Լեռնիկ Մելիքյանի և անտառապահ Դավիթ Վանյանի նկատմամբ: «Հայանտառի» աշնանային ստուգումների ընթացքում ապօրինի հատված 186 ծառ է հայտնաբերվել Մարցի անտառապետությունում: Ցուգունյանի կողմից «խիստ նկատոողություն» տույժ է կիրառվել նաև անտառապետ Վաչե Խաչատրյանի նկատմամբ: Մասնաճյուղի անտառների պահաբաժիններում մեծաքանակ ծառերի ապօրինի հատումների համար «Հայանտառի» տնօրենը նկատողություն է հայտարարել «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Կամո Ղարագոզյանին, ավագ անտառապետին, պահպանության ինժեներին:

Այսուհանդերձ , կիրառած տույժերը չեն նպաստել մասնաճյուղում ապօրինի ծառահատումների կանխմանը: Նկատելով ծառահատումների ծայրահեղ վիճակը՝ Պավել Ցուգունյանն իր պաշտոնավարման վեց ամիսներին վեց անգամ այցելել է մասնաճյուղի անտառներ: Ասում է՝ նույնիսկ այցելություններին ապօրինի ծառահատողներ է բռնել: «Հայանտառի» տնօրենը նկատել է, որ Դսեղ գնացող ճանապարհի բլուրներից մեկի վրա կայանած մի մեքենա հսկում է ճանապարհը և արտառոց մեքենա նկատելու դեպքում զանգահարում է փայտագողերին:

«Անտառագողերը Դսեղում վճարովի հատուկ մարդիկ ունեն, որոնք հսկում են նրանց անվտանգությունը»,- ասում է «Հայանտառի» տնօրենը: Դսեղի անտառների գործող մաֆիայի մասին տարածաշրջանում շատ վաղուց են խոսում: Մաֆիայի մեջ ընդգրկված են եղել և այսօր էլ ընդգրկված են առանձին անտառապետեր: Անտառի մաֆիան բացահայտելու և չեզոքացնելու փոխարեն ոստիկանությունը օրերս Մարց գյուղի տակ՝ անտառի ճանապարհին, փայտագողերին բռնելու հերթապահություն է սահմանել:

Լուսանկարները՝ հեղինակի

Մեկնաբանել