Իշխանությունն ու Մարդու իրավունքների պաշտպանը կշտամբանքներ են փոխանակում

Իշխանությունն ու Մարդու իրավունքների պաշտպանը կշտամբանքներ են փոխանակում

Կառավարության և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի միջև հրապարակային հակասություններ են ի հայտ եկել։

Կառավարությունը նախատեսում է կրճատել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջեն։ Վերջին շրջանում պաշտպանը նաև չի մասնակցում կառավարության նիստերին։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն այսօր Արմենպրեսին ասել է, թե ինչու Թաթոյանը չի հրավիրվում կառավարության նիստերին։ «Արման Թաթոյանը կառավարության նիստերին հրավիրված է եղել և ինչ-որ պահից սկսած՝ պարոն Թաթոյանը, հրավիրված լինելով հանդերձ, սկսել է չներկայանալ` իր փոխարեն ներկայացնելով ՄԻՊ աշխատակազմից այլ անձի: Այս պրակտիկան շարունակվել է տևական ժամանակ: Աշխատակազմի կողմից ՄԻՊ-ի աշխատակազմին տեղեկացվել է, որ կառավարության նիստերին հրավիրվում է Մարդու իրավունքների պաշտպանը, այլ ոչ թե այլ անձ, որին հաջորդել է նիստերին պարոն Թաթոյանի համար հատկացվող տեղի մշտապես թափուր մնալը։ Այնուհետև, հաշվի առնելով կառավարության նիստերի մասնակիցների կազմի փոփոխությունը, ինչպես նաև Արման Թաթոյանի կողմից կառավարության նիստերին չմասնակցելու սեփական նախաձեռնությունը, վերջինս այլևս նիստերին չի հրավիրվել»,- ասել է Գևորգյանը:

Թաթոյանն այսօր հրավիրած ասուլիսին նշել է, որ կառավարության նախագիծը տանում է ՄԻՊ գործունեության անկախության վերացման։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի տարեկան բյուջեն 532 միլիոն դրամ։ Ըստ Թաթոյանի՝ վերջին տարիներին էականորեն աճել է իրենց ներկայացվող դիմումների ու բողոքների թիվը։ Եթե 2015-ին եղել է 5 214 բողոք, ապա 2020-ին թիվը եռապատկվել է՝ հասնելով շուրջ 15 000-ի։ Նա ասել է, որ եթե ԱԺ-ն ընդունի կառավարության նախագիծը, ապա կդադարի, օրինակ, ՄԻՊ-ի արագ արձագանքման հնարավորությունը, կկրճատվեն պաշտպանի աշխատակազմի աշխատողների թիվը, տարբեր հաստատություններ այցերը և այլն։

Ֆեյսբուքյան գրառմամբ ՄԻՊ աշխատակազմն անդրադարձել է նաև վարչապետի խոսնակի՝ կառավարության նիստերին Թաթոյանի չմասնակցելու պարզաբանմանը։

«Կառավարության նիստերին Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք, ու անհասկանալի է՝ ինչպես կարող է այս հարցը քննարկվել Պաշտպանի հաստատության համար բացասական հետևանքներ առաջացնելու լույսի ներքո:

Հատուկ արձանագրում ենք, որ Սահմանադրությունը պաշտոնյաներին ու առավել ևս Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչին ոչ թե վերապահել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին քաղաքական, առավել ևս ագրեսիվ բառապաշարով պատասխանելու իրավասություն, այլ Պաշտպանի գործունեությանն աջակցելու ուղիղ պարտականություն:

Սա Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած և Սահմանադրության 191-րդ հոդվածով, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածով ամրագրված՝ բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու պաշտոնատար անձանց պարտականություն է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի՝ խոսնակի նշված հրապարակմանը անմիջապես հաջորդել է Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավորի հայտարարությունը: Այդ հայտարարությունը, նույնությամբ կրկնելով Կառավարության ներկայացուցչի հրապարակման բառերը, ևս շեղել է ասուլիսի միակ թեման»:

«Շեշտում ենք, որ պետությունը պարտավոր է ապահովել Մարդու իրավունքների պաշտպանի բնականոն, պաշտպանված գործունեությունը՝ ինստիտուցիոնալ երաշխիքներով ապահովված իրական անկախ աշխատանքի պայմաններում: Ուստի, ասուլիսի միակ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստոիտուցիոնալ անկախության երաշխավորման թեման շեղող հարցերն ու քննարկումները համարում ենք փակված»,- նշված է ՄԻՊ հայտարարությունում:

ՄԻՊ հայտարարությանն արձագանքել է կառավարող Իմ քայլը խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Հովհաննիսյանը։ Իմ քայլի ֆեյսբուքյան պաշտոնական էջում նա գրել է

«ՄԻՊ Արման Թաթոյանը կառավարության որոշումը որակում է՝ որպես կառույցը կառավարությունից և իշխող խմբակցությունից կախվածության մեջ դնելու միջոց։ Որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվում այն դրույթը, որով յուրաքանչյուր տարի ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա հատկացման չափից:

Թե ինչո՞ւ է պարոն ՄԻՊ-ն առանց հիմնավորման նման եզրահանգման եկել, և թե ի՞նչ հիմնավորումներով է կառավարությունը եկել այս որոշմանը, վստահաբար, և՛ ԱԺ-ի, և՛ այլ հարթակներում կխոսենք ու կհասկանանք։

Բայց պարոն ՄԻՊ-ն այս համատեքստում ասում է նաև, որ կառավարությունն այլևս չի հրավիրում իրեն գործադիրի նիստերին, և դա որակում՝ որպես հետընթաց ժողովրդավարության տեսանկյունից։ Այնինչ պարզվում է՝ ՄԻՊ-ն ինչ-որ պահից սկսած իր փոխարեն ներկայացուցիչ է ուղարկում այն դեպքում, երբ հրավերն անձամբ իրեն է վերաբերել, հետո էլ ընդհանրապես որևէ մեկը չի ներկայանում նիստերին։ Բա էլ ի՞նչ պետք է աներ կառավարությունը, կոնֆետներով գա՞ր, համոզե՞ր։ Տեսնես՝ ինչո՞ւ է պարոն ՄԻՊ-ը մանիպուլացնում»։

Մեկնաբանել