Հաղորդակցության վերականգնումը կարող է շրջադարձային դառնալ պատերազմի էջը փակելու համար․ Ալիև

Բաքուն և Երևանը տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ քննարկումներ են սկսել, ինչը «կարող է շրջադարձային դառնալ» տարածաշրջանի համար։ Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք Հայաստանի հետ արդեն սկսել ենք բանակցային գործընթացը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով: Սա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է։ Արդեն կայացել են մի շարք հանդիպումներ տարբեր մակարդակներում: Դա կարող է շրջադարձային դառնալ պատերազմի էջը ամբողջությամբ փակելու համար։ Հաղորդակցությունների բացումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, նոր հնարավորություններ կստեղծվեն։ Ես բացահայտ ասում եմ, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»,- նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով ՝ Լեռնային Ղարաբաղի «հակամարտությունը մնացել է անցյալում» և կողմերը պետք է առաջ նայեն։ Նա ընդգծել է, որ վերջին չորս ամիսների իրադարձությունները ցույց են տվել կողմերի՝ առաջ շարժվելու պատրաստակամությունը։

«Այժմ հակամարտությունը անցյալում է մնացել, մենք պետք է առաջ նայենք։ Այսօր մենք Ձեզ հետ քննարկել ենք մեր տեսակետները, թե ինչպես պետք է կառուցել ապագան: Ես կարծում եմ, որ պատերազմից հետո վերջին չորս ամիսները ցույց են տալիս էջը փակելու և ապագայի վրա կենտրոնանալու երկու կողմերի ձգտումը»,- ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանն ասել է Իլհամ Ալիևը։