Առաջարկվում է բարձրացնել պայմանագրայինների ծառայության մեջ գտնվելու տարիքային շեմը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարել և բարձրացնել պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու տարիքային շեմը՝ 45-ի փոխարեն սահմանելով 63: Նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա՝ մարտի 15-ի, նիստում դրական եզրակացություն է ստացել և կքննարկվի լիագումար նիստում:

«Պատերազմից անմիջապես հետո մենք խնդիր ունենք պայմանագրային զինծառայողներով ավելի շատ համալրելու մեր բանակը: Այս դեպքում մենք Կապանում, Գորիսում ապրող մեր քաղաքացիներից ստացել ենք առաջարկություն, որ օրենքի համապատասխան դրույթը, որի համաձայն՝ 45 տարեկանից հետո այլևս անհնար է շարունակել պայմանագրային զինվորական ծառայությունը, ներկայացնել օրենքի նախագիծ, որով հնարավորություն տրվի բարձրացնել այդ շեմը: Մենք առաջարկում ենք շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը»,- հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ շեմը բարձրացնելու դեպքում ֆիզիկապես լավ պատրաստված ու զինծառայության փորձով անձինք կկարողանան իրենց ծառայությունը շարունակել բանակում և ստիպված չեն լինի այլ աշխատանք չգտնելու պարագայում արտագաղթել երկրից:

«Բարձրագույն սպայական կազմի համար շեմը բարձր է։ Այսինքն, եթե մարդը գեներալ է, մենք ուզում ենք պահել բանակում, բայց եթե շարքային է կամ ենթասպա է, 45 տարեկանից հետո այդ մարդուն ասում ենք՝ զորացրվիր, գնա, ոնց ուզում ես ապրի, մարդը ստիպված արտագաղթելու է»,- նշել է Մարուքյանը։

Մեկնաբանել