Այս պահին ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, որ նոր պատերազմ կլինի․ պաշտպանության փոխնախարար

Մարտի 15-ին պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը խոսել է նոր պատերազմի հավանականության և Կապանի մոտակայքում տեղակայված հենակերտերից մեկի՝ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ տարածվող լուրերի մասին:

Փոխնախարարը հերքել է համացանցում տարածվող տեսանյութն առ այն, թե Ադրբեջանին է հանձնվելու Կապանից ոչ հեռու տեղակայված N հենակետը․ «Որևէ դիրք հանձնելու մասին խոսք չի եղել և չի լինում»։

Նույն տեսանյութում նշվում է նաև, որ տվյալ դիրքում ծառայություն իրականացնող զինվորականները «չունեն կապի միջոց» և որևէ աջակցություն ՊՆ-ից չեն ստանում:

«Այդ տեսանյութի բովանդակությամբ արդեն զբաղվում են իրավապահները», – կարճ հայտարարեց փոխնախարարը՝ նկատի ունենալով դատախազության հայտարարությունը, ըստ որի՝ Կապանի մոտ գտնվող հենակետում վիճակի մասին տեսանյութի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Փոխնախարարը լրագրողների հետ խոսել է նաև Ադրբեջանի հետ նոր պատերազմի հավանականության մասին: Արման Սարգսյանը թեև պատերազմը նվազ հավանական է համարել, սակայն չի բացառել այն:

«Պատմական փորձը հաշվի առնելով՝ Հայաստանը պետք է ամեն րոպե պատրաստ լինի նոր պատերազմի: Այս պահին ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, որ նոր պատերազմ կլինի։ Եթե նման բան տեղի ունենա, պետությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները», – նկատեց նա՝ հավելելով, որ «այս փուլում խուճապի ու կանխատեսումների հիմքեր չի տեսնում»։

Փոխախարարը նաև անդրադարձել է մարտի 16-20-ը Հայաստանում 7 500 զինծառայողի մասնակցությամբ նախատեսված զորավարժությունների անհրաժեշտությանը և նպատակին:

«Զորավարժությունների անցկացման նպատակը, ինչպես և ցանկացած այլ զորավարժության, պաշտպանական ռեսուրսների և հնարավորությունների հստակեցումն է, անվտանգության ապահովման մակարդակի սահմանումը», – պարզաբանեց պաշտպանության նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այս պահին զինված ուժերը վերահսկում են իրավիճակը Հայաստանի սահմաններին: