Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ՝ անդրադառնալով դրա շուրջ մտահոգություններին։ Պարզաբանման մեջ նշվում է, որ մտահոգությունների հիմնական մասը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ Սահմանադրությամբ ամրագրված ֆինանսական երաշխիքներին և ակրեդիտացիային, Մարդու իրավունքների պաշտպանի բյուջետային ֆինանսավորման կրճատմանը:
«Քննարկվող 9 նախագծերով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, գիտության, կրթության, բնապահպանական ծրագրերի, հանրային հեռարձակողների հատկացումներին առնչվող կարգավորումների վերանայումն ինքնին՝ չի հանգեցնում նշյալ ոլորտներում բյուջետային ծախսերի նվազման և առավել ևս նպատակ չի հետապնդում նույնիսկ անուղղակիորեն կանխորոշել հետագա տարիների ծախսերի չափերը»,- նշում է ֆիննախը։ Պարզաբանումից հատված՝ ստորև․
«Ի՞նչ խնդիրներ է հավակնում լուծել նախաձեռնությունը
Նախաձեռնությամբ փորձ է արվում 2 խնդիր լուծել․
- Ի հակադրություն ներկա կարգավորումների շատ հաճախ զգազմունքային դրսևորումների, ձևավորել միջավայր, որտեղ ՀՀ Ազգային ժողովը հնարավորություն կունենա յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքում լավագույնս արտացոլել Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնված պարտավորություններին համահունչ բյուջետային հատկացումները։
Իրականացվող քաղաքականության տրամաբանությունը և ֆինանսավորման երաշխիքների աստիճանի անփոփոխ մնալու իրավական հիմնավորումները կներկայացվեն ստորև, իսկ մինչ այդ, փորձենք պարզեցված օրինակներով ներկայացնել խնդրո առարկան։
- Պատկերացնենք, որ դիցուք՝ ՄԻՊ աշխատակազմի համար 2021 թվականին որոշվում է, որ պետք է ունենա 10 նոր մարզային ստորաբաժանումներ։ Դրանով պայմանավորված ընթացիկ՝ 532 մլն դրամ ծախսերից բացի, 2021 թվականի համար կատարվում է ենթադրենք, լրացուցիչ 1 մլրդ դրամ ֆինանսական միջոցների հատկացում, որից 450 մլն դրամը՝ ավելացված պայմանական 100 հաստիքների վարձատրության նպատակով, իսկ 550 մլն դրամը՝ շենքերի, ավտոմեքենաների, տեխնիկական միջոցների ձեռքբերման համար։ Ըստ գործող կարգավորման, որն առաջարկվում է վերանայել, ՄԻՊ աշխատակազմի 2022 թվականի պետական բյուջեով հատկացման չափը չի կարող պակաս լինել 1 մլրդ 532 մլն դրամից։ Այլ հավասար պայմաններում, ՄԻՊ աշխատակազմի բնականոն գործունեության ապահովման համար 2022 թվականին անհրաժեշտ կլինի ընդամենը 982 մլն դրամ, մինչդեռ գործող կարգավորմամբ առաջնորդվելու պարագայում պետք է նախատեսվի 1 մլրդ 532 մլն դրամ։
Ակնհայտ է, որ յուրաքանչյուր տարի շենքերի, ավտոմեքենաների և տեխնիկական միջոցների ձեռքբերում նույն 550 մլն դրամ չափով, նույնիսկ, մեծ ցանկության դեպքում չի կարող հիմնավորվել, հետևաբար՝ կարելի է արձանագրել, որ բերված օրինակն ամբողջությամբ բացահայտում է կոնկրետ կարգավորման կենսունակ չլինելը»։
Գերատեսչությունը նշում է, որ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ բյուջետային համակարգի հիմքում դրված սկզբունքների, մասնավորապես՝ բյուջետային համակարգի միասնականության, բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության, բյուջետային միջոցների հասցեականության և նպատակայնության լիարժեք ապահովման նպատակադրմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրով հանրային ֆինանսների կառավարման ոլորտում որդեգրված քաղաքականության պահանջներից:
Ֆիննախը շեշտում է, որ պետությունն ապահովում է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորումը:
Թեմայի շուրջ ավելին՝
Իշխանությունն ու Մարդու իրավունքների պաշտպանը կշտամբանքներ են փոխանակում