ՀՀ Ազգային ժողովում այսօր մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ի գործող նախագահ Սամվել Նիկոյանը: ԱԺ մամուլի ծառայության տեղեկացմամբ` ողջունելով նիստի մասնակիցներին` Նիկոյանը նշել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում ղեկավարելով խորհրդարանական վեհաժողովը` հնարավորություն է ունեցել ավելի խորը և մանրամասն ծանոթանալու կազմակերպության գործունեությանը, ինչպես նաև միջխորհրդարանական կապերն ամրապնդելու հնարավորություններին:
ԱԺ նախագահի գնահատմամբ` վեհաժողովի անդամ երկրներին միավորում են ընդհանուր շատ արժեքներ և նպատակներ, այդ թվում` սևծովյան տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը տարածաշրջանի բոլոր երկրների հետ:
Հայաստանը մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանային համագործակցությանը և ինտեգրման գործընթացներին` հանդիսանալով ՍԾՏՀ-ի և նրա խորհրդարանական կառույցի հիմնադիրներից մեկը:
Նիկոյանը նկատել է, որ ժամանակակից աշխարհում բազմակողմ համագործակցությունն ու խորհրդարանական դիվանագիտությունը մեծ նշանակություն և արդիականություն են ձեռք բերում: Նպատակն է աջակցել և զարգացնել այդ գործընթացները: Որպես միջազգայնորեն ճանաչված տարածաշրջանային կազմակերպություններից մեկը` Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը տարեցտարի ընդլայնում է գործունեության շրջանակը` դառնալով տարածաշրջանում քաղաքական և տնտեսական կայունության կարևոր գործոն:
Կազմակերպության օրենսդրական գործունեությունը` ուղղված Սևծովյան տարածաշրջանում տնտեսական և առևտրային համագործակցությանը, պետք է նպաստի ոչ միայն անդամ երկրների ներքին խնդիրների լուծմանը, այլ նաև ժողովուրդների միջև վստահության ու փոխըմբռնման հաստատմանը: Հենց այս գիտակցությամբ էլ աշխատանքներ են տարվում տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ:
ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովը շարունակական քայլեր է ձեռնարկում տնտեսության և առևտրի հետագա ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով օրենսդրական դաշտի բարելավման, ինչպես նաև սոցիալական ու քաղաքական, մշակույթի, կրթության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Առաջնահերթությունների թվում կմնա տնտեսական համագործակցությունը:
Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նախագահության այս վեց ամիսների ընթացքում երեք մասնագիտացված հանձնաժողովներն ակտիվ աշխատանք են կատարել, քննարկել և ի գիտություն են ընդունել տնտեսական, սոցիալական և իրավական ոլորտներին վերաբերող մի շարք կարևոր զեկույցներ: Վեհաժողովի անդամները, ինչպես նաև միջազգային քարտուղարության աշխատակիցները մի շարք միջազգային կազմակերպությունների աշխատանքներում պատշաճ կերպով են ներկայացրել կառույցը:
Նա կարևորել է կանոնակարգային հարցերով աշխատանքային խմբի արդյունավետ աշխատանքը, որն արդեն շուրջ մեկ տարի է` քննարկում է վեհաժողովի կանոնակարգային փոփոխությունների հետ կապված հարցերը:
Նիկոյանը համոզմունք է հայտնել, որ երևանյան նիստի օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ քննարկումները կունենան իրենց դրական հետևանքները և կնպաստեն կազմակերպության ազդեցիկության, վարկանիշի հետագա բարձրացմանն ու ավելի գործնական արդյունքներ ունենալուն:
ԱԺ նախագահը նիստի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք և հույս հայտնել, որ Հայաստանում գտնվելու ժամանակահատվածում հնարավորություն կունենան ծանոթանալու նաև պատմական հնամենի արժեքներ ունեցող և այսօր էլ արժեքներ ստեղծող մեր երկրին ու ժողովրդին:
ԱԺ նախագահը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը հայտարարել է բացված:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել նիստի մասնակիցներին, ինչն ընթերցել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Ելույթ է ունեցել նաև ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպուլոսը:
Նա ներկայացրել է կազմակերպության կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները` հույս հայտնելով, որ հետայսու ՍԾՏՀ գործունեությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության առումով նույնքան արդյունավետ կլինի: ՍԾՏՀ գլխավոր քարտուղարը մասնավորապես կարևորել է կայուն տնտեսական զարգացմանը, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներին, առևտրային, բնապահպանական, հարկային համակարգերի կատարելագործմանը, գյուղատնտեսական ոլորտին, կազմակերպված հանցավորության դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ կազմակերպության կառուցողական որոշումներն ու դրանք կյանքի կոչելու հետևողականությունը:
ԽԾՏՀ ԽՎ առաջին լիագումար նիստում Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Արեգ Ղուկասյանի նախագահությամբ քննարկվել են կանոնակարգային հարցեր: Օրակարգը հաստատվելուց հետո նիստում քննարկվել է ու հաստատվել նոր մանդատների հարցը, քվեարկությամբ ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի տեղակալ է ընտրվել Եվգենի Կապիշինը, հավանության են արժանացել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին և <<Իսլամական կոնֆերանս>> կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական միությանը ՍԾՏՀ ԽՎ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցերը, հաստատվել են 2011 թ. հուլիսի 1-2-ը Կիևում կայացած ՍԾՏՀ ԽՎ 37-րդ լիագումար նիստի արձանագրությունն ու խորհրդարանական վեհաժողովի գործունեության հաշվետվությունը:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր ՍԾՏՀ կազմակերպության գործունեության մասին տեղեկատվությանը, որը ներկայացրել է ՍԾՏՀ գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանտոպուլոսը: Նա անդրադարձել է Մոսկվայում 2011 թ. աշնանը տեղի ունեցած ՍԾՏՀ անդամ երկրների արտգործնախարարների 25-րդ նիստի կատարած աշխատանքներին, անդամ երկրների գյուղատնտեսության նախարարների, արտակարգ իրավիճակների նախարարների և վթարային ծառայությունների ղեկավարների, տրանսպորտի նախարարների համատեղ հռչակագրերին, որոնց նպատակն է ամրապնդել տարածաշրջանային տնտեսական բազմակողմ համագործակցության կայուն զարգացումը:
Քննարկվել է և միաձայն ընդունվել ՍԾՏՀ ԽՎ հայտարարությունը կազմակերպության 20-ամյակի կապակցությամբ, որում մասնավորապես հաստատվում է այն միտքը, որ ՍԾՏՀ շրջանակներում փոխգործակցության գլխավոր նպատակը տարածաշրջանի երկրների միջև բարիդրացիական, բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացումն է, փոխշահավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում: Խորհրդարանական վեհաժողովը ողջունում է այն փաստը, որ արդյունավետ համագործակցություն է ծավալվել տրանսպորտի, առևտրի, էներգետիկայի, կապի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության, առողջապահության, գյուղատնտեսության, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներում: Հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնվում էլ ավելի ակտիվացնելու համագործակցությունը և ամեն ինչ անելու տարածաշրջանի խաղաղ ու կայուն զարգացման համար:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացմանը: Հարցի վերաբերյալ ելույթներ են ունեցել ազգային պատվիրակությունների ղեկավարներն ու միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Բոլորն էլ իրենց ելույթներում կարևորել են այս ոլորտի առաջանցիկ զարգացման անհրաժեշտությունը, տեղեկատվական ու հեռահաղորդակցման դերը ժամանակակից քաղաքակրթության ու տնտեսության տարբեր ոլորտների զարգացման գործում: Գրեթե բոլորն էլ համոզմունք են հայտնել, որ անդամ երկրների ձեռքբերումներն այս ոլորտում կիրառական առումով ավելի արդյունավետ կլինեն, եթե համատեղ զարգացման ու համագործակցության ծրագրեր իրականացվեն: