ԳՆ-ն աշխատակիցներին հանձնարարել է ակտիվանալ

«Գարնան գյուղատնտեսական աշխատանքներն արդեն ավարտվում են, և արդեն կարելի է կանխատեսել սպասվող բերքի ծավալներն ու տարվա ցուցանիշները: Մենք բոլորս սպասարկում ենք պետության և գյուղացու շահերը և իրավունք չունենք նահանջելու նախորդ տարվա ցուցանիշներից:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքից:

Մեր տնտեսությունը զարգացման փուլ է մտել, և դա անչափ լարված աշխատանք է պահանջում բոլորից»,- այսօր նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանրապետության գյուղատնտեսության աջակցության մարզային (ԳԱՄԿ) և հանրապետական (ԳԱՀԿ) կենտրոնների ղեկավարների հետ հանդիպմանը: Հանդիպման նպատակը տեղերում գյուղատնտեսության առաջնային կարիքները առավել արդյունավետորեն ուսումնասիրելու և սպասարկելու գործելաոճ որդեգրելու անհրաժեշտության քննարկումն էր:

Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման գերակայություններին և գյուղացու եկամուտների ավելացմանն ուղղված կառավարական ծրագրերին, նախարարը առաջին հերթին կարևորել է ԳԱՄԿ-երի դերը մարզերի գյուղատնտեսության մասին համապարփակ տեղեկատվության տիրապետման և այն օպերատիվորեն նախարարությանը տրամադրելու հարցերում:

«Գարունը անակնկալներ է մատուցում գյուղացուն: Ձեր մասնագիտական խորհրդատվությամբ դուք նրա կողքին պետք է լինեք, օգնեք նվազագույնի հասցնել բնության պատճառած վնասները»,- նշել է նախարարը, հանձնարարելով ամեն օր նախարարություն ներկայացնել տեղեկատվություն մարզի գյուղատնտեսության անցուդարձի մասին: Այսուհետ ԳԱՄԿ-երի ղեկավարները, նախարարի հանձնարարությամբ, հանդես կգան եռամսյակային, իսկ բերքահավաքի ժամանակ՝ ամսական, հաշվետվություններով: Մթերման սեզոնին ամենօրյա ամփոփագրեր կներկայացնեն նախարարություն:

Կարևորվել է նախորդ տարվա մեկի փոխարեն ընթացիկ տարում մայրաքաղաքում նախատեսվող երեք կոլտնտեսային շուկաների կազմակերպման և դրանց մարզերի բնակչության մասնակցության ակտիվացումը: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ԳԱՄԿ-երի ղեկավարները պարտավորվեցին նախնական տեղեկատվություն ներկայացնել ապագա շուկաներում տեղերի զբաղվածության և վաճառքի ենթակա գյուղմթերքի ծավալների մասին: Մինչև շաբաթվա վերջ նրանք նախարարություն կներկայացնեն նաև տեղեկանքներ գյուղատնտեսական հողատեսքերի չօգտագործման պատճառների ուսումնասիրման մասին:

Մեկնաբանել