Ընդդիմության դերը փոքրացել է. Ա.Ռուստամյան

«Հ1» հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման շրջանակում նա այս ընտրությունները համեմատեց «Հակոբի և Եսավի» աստվածաշնչյան պատումին. «Քաղցած Եսավը վաճառում է իր անդրանիկությունը` այսինքն իր թագավորությունը, իր իրավունքները. վաճառում է մեկ ափսե ոսպապուրով»: Պատգամավորի փոխաբերությամբ` այսօր ժողովուրդը ոսպապուրը կերել ու նորից քաղցել է` սպառվել է Դ5-10 հազ. ընտրակաշառքը, և մարդիկ հասկացել են` ինչ են արել ու նորից բողոքում են:

Նորընտիր և դեռ գործող ԱԺ-երը համեմատելով` Արմեն Ռուստամյանն ասաց. «Ընդդիմության դերն այստեղ առավել փոքրացել է (ես, իհարկե, չգիտեմ «Բարգավաճ»-ն ինչ կորոշի, իսկ դրանից շատ բան է կախված): Այս անգամ մի քիչ ավելի որակյալ կազմ կարող է լինել, բանավեճերը առավել հետաքրքիր կլինեն: Սակայն մնացած բոլոր առումներով հետընթաց է. ամրապնդվեց իշխանության վերարտադրման համակարգը, ամրապնդվեց քաղաքական մոնոպոլիան»:

Թեկուզ 5 պատգամավորով, սակայն ՀՅԴ նախատեսում է հակակշռել իշխանությանը` ակտիվորեն համագործակցելով ընդդիմադիր այլ ուժերի հետ: «Նախ պետք է գտնել գաղափար, որով բոլորին պետք է միավորել»,- ասաց Ռուստամյանը: Ըստ նրա` այդ գաղափարն արդեն կա. պետք է հրաժարվել նախագահական համակարգից և ընդդիմությանը տալ վերահսկող լծակներ:

Մեկնաբանելով լուրերը, թե իրեն առաջարկել են Սփյուռքի նախարարի պաշտոնը` Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրեն առավել տեսնում է` որպես ազատ ընդդիմադիր պատգամավոր: