Օլանդը կբոյկոտի «Եվրո-2012»-ը

«Ես շատ եմ սիրում ֆուտբոլ, սակայն այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, խնդիր է»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։

Եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ, բողոքելով Յուլյա Տիմոշենկոյի ազատազրկման դեմ, հայտարարել են, որ բոյկոտելու են Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը, որոնք ծրագրված են Ուկրաինայում։ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի բոյկոտի «Եվրո-2012»-ը միայն այն դեպքում, եթե Տիմոշենկոն ազատ արձակվի։

Հիշեցնենք, որ Յուլյա Տիմոշենկոն անցյալ տարի դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման՝ 2009թ. Ռուսաստանի հետ գազային պայմանագրի ստորագրման ժամանակ պաշտոնական դիրքը չարաշահելու համար։ Այս տարվա ապրիլին Խարկովի դատարանին է փոխանցվել Տիմոշենկոյի դեմ երկրորդ գործը, որը վերաբերում է նրա գործունեությանը «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի ղեկավարի պաշտոնում։ Այս գործով նա մեղադրվում է ֆինանսական մեքենայությունների մեջ։ Արևմուտքը համարում է, որ Ուկրաինայի նախկին վարչապետի հետապնդումն ունի քաղաքական դրդապատճառներ և Կիևին կոչ է անում ազատ արձակել նրան։

«Եվրո-2012»-ն անցկացվելու է հունիսի 8-ից հուլիսի 1-ը։ Խաղերի մի մասը տեղի է ունենալու Ուկրաինայում, մի մասը՝ Լեհաստանում։

Մեկնաբանել