Դեպի Բաթումի գնացքի տոմսերի գինը չի փոխվի

Հունիսի 1-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) կսկսի Երևան-Բաթումի-Երևան ուղերթի տոմսերի վաճառքը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում տեղեկացրեց ՀԿԵ-ի ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ Երևան-Բաթումի-Երևան ուղերթի տոմսերի գները չեն գերազանցելու նախորդ տարվա արժեքը. «Գնային փոփոխություն չի լինի, վրացական կողմի հետ պայմանավորվածություն կա, որ բարձրացումներ չլինեն: Ընդհանրապես, տոմսի գինը սահմանվում է շվեյցարական ֆրանկով՝ տվյալ ամսվա փոխարժեքով: Եթե փոխարժեքի տատանումներ լինեն, տոմսի գինը կբարձրանա, սակայն այս դեպքում մենք և վրացական կողմը կիջեցնենք գործակիցները և կպահպանենք գնային քաղաքականությունը»:

Նախորդ տարի ուղևորախցիկների տոմսերի արժեքն էին 14 հազ. դրամ և 16 հազ. դրամ (տարբերությունը հատուկ ծառայություններն են՝ ջրեղեն, հիգիենիկ պարագաներ): Մովսիսյանի խոսքով՝ սեզոնի պիկին՝ հուլիս օգոստոս ամիսներին տոմսերը համապատասխանաբար կարժենան 23 հազ. և 27 հազ. դրամ:

Հունիսի 15-ից սկսած՝ յուրքանաչյուր օր կգործի Երևան-Բաթումի-Երևան ուղերթը: Գագիկ Մովսիսյանի խոսքով, ՀԿԵ-ն սկսելու է ուղերթի աշխատանքը հինգ վագոնով, ապա, կախված պահանջարկից, վագոններն ավելացվելու են մինչև 17-ի: Գնացքը Երևանից Բաթումի հասնում է կայարան 10 ժամում:

«Ուղևորների թվաքանակն ավելանում է հուլիս և օգոստոս ամիսներին»,- ասած Մովսիսյանը՝ հավելելով, որ ՀԿԵ-ն ունի մի քանի վագոն, որոնք հագեցած չեն օդափոխիչ համակարգով, սակայն այդ վագոնների տոմսերի գները 2000 դրամով մատչելի են: Նրա խոսքով՝ այդ վագոններն աշխատում են միայն այն ժամանակ, երբ կարիք է լինում ավելացնելու վագոնների քանակը:

Այս տարի առաջին անգամ հնարավոր է լինելու գնել գնացքի տոմսեր էլեկտրոնային եղանակով՝ ՀԿԵ-ի կայքից: Գագիկ Մովսիսյանն ասաց, որ ծառայությունը հասանելի կդառնա իրենց կայքում գալիք շաբաթվա ընթացքում:

«Արդեն փորձարկել ենք համակարգի աշխատանքը: «Ինեկոբանկի» հետ կնքվելու է պայմանագիր, ըստ որի՝ ուղևորները կկարողնան Visa վճարային քարտերով գնել տոմսեր էլեկտրոնային եղանակով»,- ասաց նա և հավելեց, որ գործելու է հատուկ առանձին դրամարկղ էլեկտրոնային տոմսերը ստանալու համար:

ՀԿԵ-ն ներդրել է նաև մի համակարգ, որի միջոցով գանձապահը մոնիտորի վրա տեսնում է վագոններն ազատ ուղևորատեղերով: «Մեր գանձապահը չի կարող ասել՝ տեղ չունեմ»,-ասաց ՀԿԵ-ի պաշտոնյան:

Ի տարբերություն սովորական տոմսերի՝ Էլեկտրոնային եղանակով գնված տոմսերի վերադարձ առայժմ չի կատարվում:

«Սովորաբար հնարավոր է գնած տոմսը երկու ժամվա ընթացքում վերադարձնել: Տվյալ դեպքում պահվում է տոմսի գումարի 15%-ը և 600 դրամ,- ասաց Գագիկ Մովսիսյանը և հավելեց:- Սեպտեմբերից, հնարավոր է՝ էլեկտրոնային տոմսերի վերադարձ գործի: Բանկը խոստացել է ապահովել այս հնարավորությունը»:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին կայացավ Երևան-Բաթումի-Երևան չվերթում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքի առաջին 10 վերանորոգված վագոնների շնորհանդեսը: 2011 թ. ամառային սեզոնին «Արմենիա» ֆիրմային գնացքով ուղևորվել են 42,5 հազ. մարդ, իսկ այս տարի ցուցանիշը նախատեսվում է ավելացնել մինչև 50 հազ. ուղևոր: