Հետընտրական շաքարախտ

Ինչպես և կանխատեսվում էր, Հայաստանի ներքին շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում դրամի սահուն արժեզրկումը և մայիսի 6-ի ընտրություններին կատարված ծախսերը հանգեցրել են «մենաշնորհային» ապրանքների գների աճի։ Դոլարի արժևորման պատրվակով արդեն վերանայվել են ձեթի և շաքարավազի գները։ Շաքարավազի շուկայում գներն արդեն բարձրացել են 1-2%-ով այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում մայիսին շաքարն էժանացել է 3,4%-ով։

Այս շաբաթ շաքարավազի հիմնական խաղորդ «Լուս աստղ շուգր» ընկերությունը (Ախուրյանի շաքարի գործարան, մասնաբաժինը շաքարավազի շուկայում՝ 90%) վերանայել է շաքարի մեծածախ գները՝ 1 կգ-ի հաշվով գինը բարձացնելով մոտ ֌10-ով: Ընկերությունը դա բացատրում է դոլարի արժևորմամբ։ Երեկ «Ալեքս Գրիգ» ընկերությանը պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում 1 կգ շաքարավազը թանկացել էր ֌3-ով՝ մինչև ֌413:

Շաքարավազի շուկայի մենատեր «Լուս աստղ շուգր»-ը և «Ալեքս Գրիգ»-ը պատկանում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին։ Ստացվում է, որ թեև «Ալեքս Գրիգ»-ը դուրս է եկել շաքարի շուկայից և տեղը զիջել Ախուրյանի շաքարի գործարանին, շուկայում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

Առիթը բաց չթողնել
Ներքին շուկայում շաքարավազի գների բարձրացումն ամբողջովին պայմանավորված է ներքին գործոններով և մենաշնորհով։ Շաքարավազի գների բարձրացման պատճառը վերջին երկու շաբաթվա ընթացքում դրամի արժեզրկումն է և ընտրությունների ժամանակ Սամվել Ալեքսանյանի կողմից կատարված ծախսերը։ Թեև փոխարժեքի տատանումը ռիսկեր է պարունակում, հատկապես ներկրողների համար, սակայն մրցակցային պայմաններում տնտեսավարողները պարզապես չեն կարող այդ ռիսկն ամբողջովին տեղափոխել սպառողների վրա՝ բարձրացնելով գները։ Բայց քանի որ շաքարավազի շուկան ըստ էության մենաշնորհային է, Սամվել Ալեքսանյանը հնարավոր կորուստներից ապահովագրվելու համար գնացել է ոչ թե գործառնական ծախսերի կրճատման, փոխարժեքային ռիսկի աստիճանի գնահատման, այլ պարզապես բարձրացրել է գները։ Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ փոխարժեքային ռիսկի ավելացման պայմաններում համաշխարհային շուկայում տեղի է ունենում շաքարի գների անկում։ Ապրիլին նախորդ ամսվա համեմատ շաքարավազի գինը նվազել է 7%-ով, իսկ մայիսի 1-ից 23-ը Լոնդոնի բորսայում շաքարավազի 1 տոննայի գինը $572,5-ից նվազել է $553 (անկումը՝ 3,4%)։ Շաքարավազի շուկայում տարեսկզբից գների նվազումը մոտ 10%-ով ամբողջովին չեզոքացնում է ներքին շուկայում առկա արտարժութային ռիսկը։

Այս տարվա 1-ին եռամսյակում ներկրման ծավալների ուսումնասիրությունից երևում է, որ ներկայում ներքին շուկայում իրացվում են անցած տարվա պաշարները. 1-ին եռամսյակում ներկրվել է ընդամենը 591,7 տ շաքարավազ՝ $872,4 միջին մաքսային արժեքով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներկրված շաքարավազի ծավալը կրճատվել է 2,5 անգամ։ Որ ներքին շուկայում իրացվում են նախորդ տարվա պաշարները, թերևս վկայում է այն, որ Ախուրյանի շաքարի գործարանը, որտեղ շաքարի արտադրությանը զուգահեռ իրականացվում է ներկրված շաքարի փաթեթավորում, կանգնած է պարապուրդի։

Համաշխարհային շուկայում շաքարի գների նվազման միտումները ոչ միայն չեն արտացոլվել ներքին շուկայում, այլև, ընդհակառակը, գները չհիմնավորված բարձրացել են։ Ներքին շուկայում գների բարձրացումը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով որակվում է գերիշխող դիրքի չարաշահում: Նման վարքագծի համար տնտեսավարողը կարող է տուգանվել ֌5 մլն-ից մինչև ֌200 մլն-ով, իսկ գների չհիմնավորված բարձրացման միջոցով ստացած շահույթը ենթակա է գանձման պետբյուջե:

ՏՄՊՊՀ-ից ՍիվիլՆեթին ասացին, որ հանձնաժողովի մոնիթորինգի խումբը ևս արձանագրել է շաքարավազի գների բարձրացում ֌3-ով՝ «Երևան Սիթի» և «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում։ «Հանձնաժողովի մասնագետները հակված են կարծել, որ գների փոփոխությունը պայմանավորված է վերջին շրջանում փոխարժեքի տատանումներով»,– ասացին հանձնաժողովում՝ վստահեցնելով, որ իրենք շարունակելու են մոնիթորինգի ենթարկել առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների գները։

Մեկնաբանել