Apple-ն ու Samsung-ը համաձայնության չեկան

Երկօրյա բանակցությունները Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկի և Samsung-ի ղեկավար Չոյ Ջի-Սունի միջև, որոնք մեկնարկել էին մայիսի 21-ին Սան Ֆրամցիսկոյում և կարող էին հանգեցնել հաշտագրի կնքմանը ու պատենտային վեճերի խաղաղ կարգավորմանը, անհաջողությամբ են ավարտվել։ Ընկերությունները հարկադրված են սպասել 2012թ. հուլիսին նշանակված դատին։ Korea Times-ի տեղեկությունների համաձայն՝ Samsung-ի ներկայացուցիչները դեռ Միացյալ Նահանգներում են։

Նախքան բանակցությունների մեկնարկը ԱՄՆ-ում Samsung-ի բջջային սորաբաժանման ղեկավար Ջի Շինը նշել էր, որ իրենք նախկինի պես ձգտում են հարթել Apple-ի հետ տարաձայնությունները։ Շինը նշել էր, որ ընկերությունը կոնֆլիկտի հարթման մի քանի տարբերակ է դիտարկում, այդ թվում՝ խաչաձև լիցենզավորման շուրջ բանակցությունները։

Հիշեցնենք, որ Samsung-ի դեմ պատենտային պայքարը Apple-ը սկսել է 2011թ. ապրիլին 373-էջանոց բողոքի ներկայացմամբ՝ կապված պատենտների և ապրանքանշանների խախտման հետ։ Ներկայում ընկերությունների պատենտային հայցերը քննվում են աշխարհի մոտ տասը երկրում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Ավստրալիայում, Ճապոնիայում և այլն։ Apple-ը հարավկորեական արտադրողին մեղադրում է iPad-ի և iPhone-ի դիզայնի, ինտերֆեյսի (միջերեսի) և փաթեթավորման տարրերի կրկնօրինակման մեջ։ Ամերիկյան ընկերությունը նաև վստահեցնում է, որ Samsung-ը «գողացել» է ակնթարթային հաղորդագրությունների փոխանակման եղանակը, ինչպես նաև հեռախոսը, կոնտակտներն ու լուսանկարները պատկերող նշանները։

Ի պատասխան՝ Samsung-ը Apple-ին մեղադրում է պատենտների խախտման մեջ, որոնք վերաբերում են տվյալների անլար հաղորդմանը, էներգասպառման նվազեցման միջոցներին և սխալների շտկմանը։ Հարավկորեական արտադրողը նշում է, որ առաջին սմարթֆոնն ինքը դեռ 1999թ. է ստեղծել։

Մեկնաբանել