Գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը ծնվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Պատմական հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որոնք նա 1960 թ. ընծայել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ 40 տարեկանում նկարիչն առաջին անգամ ոտք է դրել հայրենի հող, ապրում ու ստեղծագործում է Երևանում`ստիպելով Հայաստանին նայել իր աչքերով:
Հակոբ Հակոբյանը շարունակում է ստեղծագործել. անցյալ տարի նրա 28 գեղանկարն ու 10 քանդակը ցուցադրվել է «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնում: «Հողեղեն գույների երգը» խորագրով ցուցահանդեսին ներկայացվել են արվեստագետի վաղ շրջանի, ինչպես նաև վերջին երկու տարվա աշխատանքները:
Հակոբ Հակոբյանի աշխատանքները ներկայացվել են աշխարհի շատ քաղաքներում` Վիենա, Փարիզ, Նիկոսիա, Մոսկվա, Բեյրութ, Հելսինկի, Լոս Անջելես, կազմակերպվել են նաև անհատական ցուցահանդեսներ: Նա պարգևատրվել է «Սբ Մեսրոպ Մաշտոց», «Սբ Սահակ-Սբ. Մեսրոպ» շքանշաններով, Երևանի պատվավոր քաղաքացի է:
Ծնունդդ շնորհավոր, Վարպետ: