Կքննարկվի ՏՏ նախարարության ստեղծման անհրաժեշտությունը

Մայիսի 25-ին «Կոնգրես» հյուրանողում տեղի կունենա «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների պետական կառավարում» խորագրով համաժողով: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

Համաժողովի ընթացքում կներկայացվի ՏՀՏ ոլորտները կարգավորող պետական կառավարման մարմնի` նախարարության ստեղծման անհրաժեշտությունը, որը, մասնավորապես, կհամակարգի մեր երկրում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները:

Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն ՏՀՏ ոլորտի շուրջ 250 ընկերությունների ղեկավարներ. հրավիրված են նաև գործադիր մարմինները:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին ԻՏՁՄ վարչությունը հանդես է եկել Տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին և նորընտիր ազգային ժողովին: Այդ նախաձեռնությանն արդեն միացել են տեխնոլոգիական ոլորտի այլ միություններ ևս` Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը, Նորաստեղծ տեխնոլոգիական ձեռնարկությունների ասոցիացիան, Տելեբժշկության հայկական ասոցիացիան, Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամը, ինչպես նաև ԻՏՁՄ անդամ և ոչ անդամ կազմակերպություններ:

Մեկնաբանել