ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է Երևանի D.I.Y. ակումբի պայթեցումը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դատապարտել է մայիսի 8-ին Երևանի D.I.Y. ակումբի պայթեցումը, ինչպես նաև ակումբի դեմ իրականացվող «շարունակական վայրագությունները»: Դեսպանատան տարածած հաղորդագրությունում ասված է. «Հանցագործությունը ուղղված էր սեռական փոքրամասնություն կազմող խմբի դեմ: Հայաստանի Սահմանադրությունը արգելում է բռնության հրահրումն ու իրագործումը: Ցանկացած փոքրամասնության դեմ ուղղված բռնությունը, լինի այն ազգային, կրոնական, էթնիկական թե սեռական, աններելի է: Ատելության դրսևորումները չպետք է երբևէ արդարացվեն պետական պաշտոնյաների կողմից, առավել ևս՝ գովաբանվեն: Անկախ իրենց՝ այս կամ այն փոքրամասնությանը պատկանելուց, բոլոր քաղաքացիներն ու օտարերկրացի հյուրերը Հայաստանում հավասարապես պաշտպանված են Հայաստանի Սահմանադրությամբ և օրենքով, ուստի նրանց դեմ իրագործված ցանկացած բռնություն պետք է արագ և վճռականորեն դատապարտվի, իսկ օրինազանցները՝ պատժվեն: Մենք կոչ ենք անում Հայաստանի պաշտոնյաներին զրո հանդուրժողականության քաղաքականություն կիրառել ատելության հողի վրա կատարված բոլոր հանցագործությունների և Հայաստանում փոքրամասնությունների դեմ ուղղված բռնությունների նկատմամբ, ինչպես նաև կատարել բոլոր քաղաքացիների՝ օրենքով սահմանված պաշտպանությունը ապահովելու իրենց պարտականությունը»:

Ըստ ԱՄՆ դեսպանատան` այսօր Վաշինգտոնում պետքարտուղար Քլինթոնը կհրապարակի Մարդու իրավունքների 2011թ. տարեկան զեկույցները, որոնք հանդուրժողականության կոչ են անում բազմազանության բոլոր տեսակի դրսևորումների հանդեպ՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների և սկզբունքների վրա:

Մեկնաբանել