Ժողգործիքներն ավելանում են

Միանշանակ է, որ կոալիցիայի մաս չկազմելով` ԲՀԿ-ն նոր շունչ հաղորդեց լճացած քաղաքական դաշտին և փոփոխությունների հեռանկարը առավել իրական դարձրեց: Քաղաքական դաշտի ամբողջական առողջացման համար այս քայլը պարտադիր, սակայն ոչ բավարար պայման է: Մոտ ապագայում պետք է սպասել ԲՀԿ-ի կայացրած որոշման տրամաբանական շարունակությանը, որը կարող է դրսևորվել թե՛ խորհրդարանում, թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ: Սակայն պետք է նշել, որ ելնելով մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններից, սպասվող քայլերը ԲՀԿ-ին տրվելու են մեծ դժվարությամբ: Քաղաքական դաշտի առողջացմանը միտված յուրաքանչյուր քայլ՝ անկախ կուսակցական և գաղափարական տարբերություններից, պետք է պաշտպանվի Հայաստանի ապագայով իրականում մտահոգ քաղաքական ուժերի կողմից:

Եթե ԲՀԿ-ն հայտարարեր անվերապահորեն ՀՀԿ-ին հպատակվելու մասին, կարելի է պատկերցանել, թե ժողովրդի հիմնական մասի մոտ ինչպիսի հուսալքություն և հիասթափություն էր տիրելու, փոխարենը՝ համապատասխան շրջանակներում սկսվելու էր «վհուկների խրախճանք»:

Սակայն տարօրինակ է, որ ընդդիմության դաշտում գործող և իբր պետության ապագայով մտահոգ ուժերն ու գործիչները, դեռ Ծառուկյանի հայտարարության տեքստի թանաքը չչորացած, լծվեցին ԲՀԿ-ին դատափետելու գործին, ընդհուպ հասան նրան, որ նրան «խոստացան» Խոդորկովսկու և Խաչատուր Սուքիասյանի ճակատագիրը: Տրամաբանական կլիներ, որ ընդդիմադիր ուժերը միանշանակ ողջունեին ԲՀԿ-ի սկզբունքային որոշումը, քանի որ առնվազն այս քայլով իշխանությունը թուլացել է, ինչն իր մեջ ըննդդիմության հզորացման մեծ պոտենցիալ է պարունակում:

ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակ չկազմելուց հետո սա երկրորդ դեպքն է, երբ ԲՀԿ-ն համապատասխան վճռականություն է ցուցաբերում: Գոնե կարելի է կանխատեսումների ժամանակ այս օրինաչափությունը հաշվի առնել: Իսկ եթե այդ գործիչները ասուլիսներ են տալիս ու հայտարարություններ անում համապատասխան հասցեից ստացած հրահանգներով, կարելի է շնորհավորել ՀՀ քաղաքական դաշտի ժողգործիքների անսամբլին՝ շարքերը նոր երաժշտական գործիքներով համալրելու կապակցությամբ:

Մեկնաբանել