Գվարդիոլայի հեռանալով ավարտվում է Բարսելոնայի հաղթական ժամանակաշրջանը. Կրոյֆ

Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայից» հեռացավ, քանզի այլևս չէր վայելում ակումբի ղեկավարության վստահությունը: Նման կարծիք է հայտնել կատալոնացիների լեգենդ Յոհան Կրոյֆը:

2010 թվականին «Բարսելոնայի» նախագահ դարձավ Սանդրո Ռոսելը, ով այդ պաշտոնում փոխարինեց Ժոան Լապորտային: Կրոյֆի կարծիքով` այդուհետ Գվարդիոլան սկսեց աշխատանքային խնդիրներ ունենալ:

«Գվարդիոլան գրեթե միշտ կատարյալ որոշումներ էր կայացնում: Ակումբի ղեկավարները նրան լիովին վստահում էին: Նախագահի ընտրություններից հետո այդ ամենը հօդս ցնդեց»,- Կրոյֆի խոսքերն է մեջբերում Soccerway-ը:

«Բարսելոնայում» անցկացրած 4 տարում Գվարդիոլան 13 տիտղոս է հաղթել: Այսօր նա իր վերջին հանդիպումն է անցկացնում գլխավոր մարզչի պաշտոնում` Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը, որում կատալոնացիներն ուժերը կչքափեն Բիլբաոյի «Ատլետիկի» հետ:

«Գվարդիոլայի հեռանալով «Բարսելոնայի» հաղթական ժամանակաշրջանը կավարտվի, քանի որ հենց նա էր թիմին հսկողության տակ պահում: Հրաշալի կլինի, եթե Պեպը հաղթանակած հեռանա»,- հավելել է Կրոյֆը:

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ «Բարսելոնա» – «Ատլետիկ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:59-ին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել