Բարսելոնան դեռ աշխարհի լավագույն թիմն է. Բյելսա

Բիլբաոյի «Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան Իսպանիայի գավաթի եզրափակիչ խաղից առաջ, որում նրա թիմը կհանդիպի կատալոնական «Բարսելոնայի» հետ, պատասխանել է լրագրողների հարցերին։ Հիշեցնենք, որ եզրափակիչը կայանալու է այսօր՝ մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 24։00-ին։ Խաղը տեղի կունենա Մադրիդում՝ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:

«Ես դեռ չեմ որոշել հիմնական կազմը։ Եթե մենք ցանկանում ենք հաղթել այսօր, ապա ցանկացած խաղացող պետք է իրեն դրսևորի ուժերի և հնարավորությունների առավելագույն չափով։ Թիմը որպես մեկ մարմին պետք է գործի՝ վստահ և համաձայնեցված։

Ինչ վերաբերում է Եվրոպա լիգայի եզրափակիչում կրած պարտությանը, ապա պետք է նշեմ, որ բնական է՝ եզրափակչում կրած պարտությունը շատ մեծ հիասթափություն է, սակայն մեզ հույս և լավատեսություն է ներշնչում ևս մեկ եզրափակչին մասնակցելու միտքը։ «Բարսելոնան» դեռ աշխարհի լավագույն թիմն է։ Կատալոնացիների կազմում կա Մեսսի, ով միայնակ կարող է լուծել հանդիպման ելքը։ Կփորձենք նրան կանգնեցնել ամեն գնով», – Բյելսայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել