«Եղբայրներ»-ի թեկնածուն ու էքս վարչապետը՝ առաջատար Եգիպտոսի ընտրություններում

Կատարական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի տվյալներով՝ այս պահի դրությամբ Մուհամադ Մուրսին 2,7 մլն ձայն է ստանում։ Նվազագույն տարբերությամբ նրան հաջորդում է Ահմադ Շաֆիկը՝ 2,49 մլն։ Երրորդ տեղում է անկախ թեկնածու, «Մուսուլման եղբայրներ»-ի նախկին անդամ Աբդ ալ Մունիմ Աբու ալ Ֆութուհը՝ 2 մլն 70 հազ. ձայն։ 1,8 մլն ձայնով չորրորդ տեղում է «Ալ Քարամա» ձախ կուսակցության առաջնորդ Համդի Սաբահին։

«Ալ Արաբիա» հեռուստաալիքը նույնպես հաղորդել է, որ Եգիպտոսում, անկասկած, տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որին կմասնակցեն Մուրսին և Շաֆիկը։

Ինչպես հայտարարում են «Ազատության և արդարության կուսակցությունում», որը «Մուսուլման եղբայրներ»-ի քաղաքական թևն է և որի նախագահը հենց Մուհամադ Մուրսին է, իրենց թեկնածուն ստանում է ընտրողների ձայների 25%-ը։ Մուրսիի գլխավոր մրցակից Ահմադ Շաֆիկը ստանում է 23% ձայն։ Սա այս երկու թեկնածուներին թույլ է տալիս անցնել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Երրորդ տեղում Համդի Սաբահին է՝ 20% ձայնով։ Աբդ ալ Մունիմ Աբու ալ Ֆութուհն ունի 17% ձայն, Եգիպտոսի նախկին արտգործնախարար և Արաբական պետությունների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան՝ 11% ձայն։

Հիշեցնենք, որ մայիսի 23-24-ին Եգիպտոսում Հոսնի Մուբարաքի պաշտոնաթողությունից հետո առաջին անգամ նախագահ էին ընտրում։ Տարբեր գնահատականներով՝ մասնակցությունը 50-60% է կազմել։ Առաջին փուլի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթվա սկզբին, հավանաբար՝ երեքշաբթի։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Եգիպտոսում նշանակված է հունիսի 16-17-ին։