Փիլիսոփա նկարիչը, իսկ ավելի ճիշտ՝ նկարիչ փիլիսոփան

Չնայած մի քանի հարյուր գեղանկարչական բարձրարժեք ստեղծագործությունների՝ Հայաստանի նկարիչների միության անդամ Շոթա Խաչատրյանն իրեն ավելի շատ փիլիսոփա է համարում, քան նկարիչ: «Նկարչությունն ինձ համար միջոց է ներքին մտածումներս արտահայտելու համար»,– սիրում է կրկնել փիլիսոփա նկարիչը: Իրոք, նա ժամերով կարող է խոսել տիեզերքի կառուցվածքի, տիեզերքի ու մարդու փոխհարաբերության, կյանքի ու մահվան, նյութականի ու հոգևորի մասին:

Երկու տարի առաջ Ազգային պատկերասրահում կազմակերպված Հայոց եղեռնի 95-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսում նկատեցի Շոթա Խաչատրյանի աշխատանքներից մեկը: Այն սովորական նկար չէր՝ նկար-մեղադրանք էր։ Նկարի կոմպոզիցիան այնպես էր կառուցված, որ կտավի եզրակողմերից ուղղահայաց շերտերով, կարծես ծխի քուլաներ, դեպի երկինք էին բարձրանում նահատակաց հոգիները: Մեջտեղում կյանքի խորհրդանիշ դեղին արևն էր, իսկ ամենաներքևում՝ ամբողջովին կարմիրով պատկերված արյունարբու առյուծը: Գույների նման համանվագը սարսռազդու տեսարան էր ներկայացնում և նույնօրինակ տպավորություն գործում:

Ծանոթացա ստեղծագործության հեղինակի հետ. հեռվից էլ պարզ էր, որ արվեստագետ հոգի է՝ իր սիրած լայնեզր գլխարկով ու համապատասխան հագուկապով։ Միանգամից գրավեց իր ստեղծագործական խառնվածքով և անսովոր մտքերի տարափով:

Նկարիչները, որպես կանոն, քիչ են խոսում: Շոթայի մոտ հակառակն է. անվերջ պարզում է իր մտքերը և փորձում ինչ-որ բան ապացուցել ու, որպես մտքերի թարգման, սովորաբար ցույց տալիս իր այս կամ այն գործը:

Նկարչի արվեստանոցում

Նկարչի արվեստանոցում նկարները մի քանի սենյակ են զբաղեցնում և միմյանցից տարբերվում թե՛ գունային, թե՛ ոճային բազմազանությամբ: Այդուհանդերձ, միասնական են գեղարվեստական մտածողությամբ և հոգևոր տարրի պարտադիր առկայությամբ: «Ես նյութականը հոգևորից չեմ զանազանում: Դրանք միասնություն են կազմում: Տիեզերքն անօդ տարածություն չէ. այն հոգևոր համանվագ է, որի բարձրագույն արժեքը մարդ արարածն է»,– այսպես է դատում փիլիսոփա արվեստագետը:
Պատահական չէ, որ Շոթայի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում այսպես կոչված տիեզերական թեմայով գործերը՝ նկարված կանաչի և սպիտակի համադրությամբ: Կանաչով տիեզերքն է պատկերված, իսկ սպիտակը մարդու հոգին է՝ դեռ չծնված կամ արդեն մարմինը լքած: Այս նկարներում հեղինակը փորձել է շեշտադրել տիեզերքի հոգևոր ուժը, ինչը նրան հաջողվել է:
Ըստ նկարչի՝ տիեզերքն իր ամբողջության մեջ չափման միավոր չունի: Մինչդեռ Երկիր մոլորակի պտույտը մեզ համար ժամանակ է նշանակում: Մարդն իր անցողիկությամբ կարծես փորձության մեջ է Տիեզերքի հետ, և մենք մեր ծննդից մինչև մահն ընկած ճանապարհին անընդհատ քննություն ենք հանձնում:

Նկարչի համոզմամբ՝ արվեստը նաև գիտություն է, և արվեստագետը պիտի տիրապետի բեկվող գծերի օրենքին, իմանա պատկերի կրճատման կանոնները։ Շոթան գույների խնդիր չունի: Իր ստեղծագործական գործունեության տարբեր փուլերում նա բազմաթիվ գույներով է ստեղծագործել: Ավելին՝ շատ գործեր առանձնանում են գուներանգների վարպետ ներթափանցումներով, երբ դժվար է տարորոշել անցումը մի գույնից մյուսին։ Այդուհանդերձ, բոլոր շրջաններում էլ դոմինանտ է մնացել սպիտակը:

Այսպես՝ «Մայր բնություն» նկարում ողջ բնությունը պատկերված է որպես կենդանի օրգանիզմ: Հեղինակը մեզ շրջապատող լեռներն ու քարափները, նույնիսկ ամպերը պատկերել է մարդկային կերպարանքներով և թանձր, բնական գույներով: Սակայն դիտողի հայացքն ակամա սևեռվում է կտավի կենտրոնում հազիվ նշմարվող տղայի և աղջկա ուրվանկարների վրա՝ արված թափանցիկ ճերմակով:

Արվեստագետը նատյուրմորտներ քիչ է նկարել: Նկարածներն էլ կրկին հոգևոր տիրույթում են: Նրա բաժակներն ու մնացյալ առարկաները ստվերներ չունեն։ Ձեռակերտ լինելով հանդերձ՝ դրանք, ըստ Շոթայի, նյութական չեն դառնում, մինչև չմիանան հոգևորի հետ: «Նյութն ու հոգին փոխարժևորում են միմյանց, և մեկն առանց մյուսի գոյություն չունի»,– բացատրում է հեղինակը:

Մի քանի օր առաջ կրկին այցելել էի Շոթա Խաչատրյանի արվեստանոց: Իմացա, որ այս տարին հոբելյանական է նրա համար՝ լրացել է ծննդյան 60 տարին: Ինքն էլ ճշգրիտ չի հիշում, թե քանի աշխատանք է վրձնել: Անհաշիվ են հատկապես նրա գրաֆիկական թերթերը, որոնք ցուցադրել և այսօր էլ ցուցադրում է տարբեր ցուցահանդեսներում:

Նկարակալին նկարչի նոր աշխատանքն էր, որին «Շնչող էակ» վերնագիրն է տվել: Երկու տարի առաջ է սկսել վրձնել և ընդմիջումներով շարունակում է մինչ օրս: Պատկերվածը գեղեցկադեմ կին է՝ թափանցիկ գույներով: Իրական կերպարանք, որը, սակայն, ալիքաձև տարրալուծվում է անէության մեջ: Այս նկարով ևս հեղինակը մարմին-հոգի երկվության, նյութական-աննյութականի գերխնդիրն է առաջ քաշել և փորձել լուծել:

Ու այսպես՝ իր իսկ ստեղծած հոգևոր-նյութական չափումներում է ապրում ու ստեղծագործում հայ ժամանակակից նկարիչ Շոթա Խաչատրյանը: Իր անհանգիստ բնավորությամբ և պրպտուն մտքով նա նորանոր աշխատանքներ է երկնում՝ անկախ շրջապատում տեղի ունեցող կարևոր-անկարևոր փոփոխություններից:

Մեկնաբանել