ՀԱԿ- ի փողոցային պայքարը կշարունակվի

Հայ ազգային կոնգրեսը արտախորհրդարանական ընդդիմությունից չի վերածվում միայն խորհրդարանական ընդդիմության, այսինքն՝ մանդատները վերցնելով նա չի դադարի պայքարել նաև փողոցում:

«Հայտարարում եմ, որ մենք շատ շուտով կառավարության ձևավորումից հետո կանցկացնենք մեր հերթական հանրահավաքը, որտեղ ունենք լուրջ ասելիքներ ժողովրդին: Մեր հանրահավաքային, փողոցային պայքարը շարունակվելու է ուղիղ այնքան ժամանակ, մինչև Հայաստանում տեղի ունենան ազատ և արդար ընտրություններ»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով`միայն այդ դեպքում կարելի է համաձայնել ընտրությունների արդյունքների հետ և համարել, որ փողոցային պայքարն այլևս անիմաստ է, և պետք է քաղաքական պայքարով շարունակել:

Լևոն Զուրաբյանը դեռևս չի կարող ասել` փողոցային պայքարում կշարունակեն արտահերթ ընտրություն պահանջել, թե ոչ: «Երբ որ կձևավորենք մեր քաղաքական օրակարգը, մեր ժողովրդին արդեն կհայտնենք՝ արտահերթ ընտրություններ կպահանջենք, թե հերթականում օրինականություն կպահանջենք, կպահանջենք մենաշնորհների վերացում, թե այլ հարցեր, որոնք հուզում են մեր ժողովրդին, դա արդեն օրակարգի հաստատումից հետո պարզ կլինի»,-ասել է նա:

Զուրաբյանը կրկին հաստատել է, որ մանդատները վերցնելու և ընտրությունները վիճարկելու միջև ոչ մի հակասություն չկա, քանի որ ՀԱԿ-ի յոթ մանդատներն «անվիճելի են, և դրանք ստացվել են ժողովրդի զուլալ ձայներից», իսկ քանի որ ընտրակաշառքների և սպառնալիքների միջոցով իրենցից առնվազն 43 մանդատ «գողացել են», ապա գնում են դրանք վերադարձնելու նպատակով: