Գնաճի զսպումից՝ աճի խթանման

Ամենայն հավանականությամբ, Կենտրոնական բանկը գնաճի մեղմման քաղաքականությունից անցում է կատարելու տնտեսական աճի խթանմանը։ Դրամավարկային պայմանների թուլացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրը։

Կենտրոնական բանկի կողմից մայիսի 18-ին հրապարակված «Գնաճի հաշվետվություն» փաստաթղթում նշվում է, որ կանխատեսվող հորիզոնում, ընդհանուր առմամբ, ինչպես արտաքին աշխարհի, այնպես էլ տնտեսության ներքին զարգացումները չեն նախանշում գնաճային միջավայրի ընդլայնում, և առաջիկա ամիսներին գնաճը կձևավորվի տատանումների թույլատրելի միջակայքի (4±1,5%) ստորին հատվածում: «Այս իրավիճակում ԿԲ գործողությունները կհանգեցնեն դրամավարկային պայմանների թուլացման, և տարվա ընթացքում գնաճը կմոտենա 4% նպատակային ցուցանիշին»,– նշված է պարբերականում։

Նշենք, որ ըստ էության դրամավարկային պայմանների թուլացման արդյունքում առաջիկա ամիսներին տեղի կունենա գնաճի տեմպի արագացում, և տարեվերջին գնաճը կմոտենա 4%-ի, փոխարենը կխթանվի տնտեսական և հարկային մուտքերի աճը։

ԿԲ-ն գտնում է, որ դրամավարկային պայմանների թուլացման արդյունքում տնտեսական աճը կլինի 3,5%-4,8%-ի միջակայքում, իսկ եթե առաջիկա երեք տարիներին տնտեսական աճի նախանշված միտումները պահպանվեն, ապա կանխատեսվող հորիզոնում աճը կլինի 4%-5%-ի շրջանակներում։ Նշենք, որ այս տարվա համար ԿԲ-ն վերանայել է տնտեսական աճի նվազագույն մակարդակը 0,4-տոկոսային կետով. փետրվարին հրապարակված 2012թ. 1-ին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ն կանխատեսել էր, որ այս տարի տնտեսական աճը կլինի 3,1%-4,8%-ի միջակայքում։

ԿԲ-ի կողմից դրամավարկային պայմանների հնարավոր թուլացման տարբերակի քննարկումը կարծես զուգադիպել է ֆինանսների նախարարության կողմից ԿԲ-ի 2012թ. դրամավարկային ծրագրի եզրակացությունում բարձրացված խնդիրներին։ Այսպես՝ կառավարության՝ մայիսի 16-ին ի գիտություն ընդունած ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի եզրակացությունում ֆինանսների նախարարությունը նշել էր, որ հարկաբյուջետային քաղաքականությունը, պարտադրված լինելով պարտքի կայունության ապահովման խնդրով, խիստ սահմանափակ հնարավորություններ ունի ընդլայնվող քաղաքականություն իրականացնելու առումով:

«Հետևաբար, դրամավարկային քաղաքականության չեզոք սցենարի ընտրության ներքո, Կենտրոնական բանկը պետք է առավել բարձր ճկունություն ցուցաբերի՝ տնտեսական ակտիվության նվազման ռիսկերի դրսևորման պարագայում պատրաստ լինելով անմիջապես ճշգրտել քաղաքականության ուղղությունները»,– նշել էր ֆինանսների նախարարությունը:

Ուշացած քայլեր

Ըստ էության՝ ինը ամիս ԿԲ-ն չեզոք դրամավարկային քաղաքականությունից անցնում է տնտեսական աճին օժանդակելու քաղաքականությանը, և, ամենայն հավանականությամբ, հունիսի 5-ին ԿԲ Խորհուրդը որոշում կկայացնի իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8% մակարդակից։

Բայց հաշվի առնելով ժամանակային լագի գործոնը՝ դրամավարկային պայմանների թուլացման առաջին արդյունքները տնտեսությունում այլ հավասար պայմաններում կզգացվեն 2-6 ամիս անց։ Հունիսին դրամավարկային պայմանների թուլացման արդյունքն առավել տեսանելի կլինի գալիք տարվա սկզբին։

Նշենք, որ ԿԲ-ն դրամավարկային պայմանների թուլացումը կարող էր իրականացնել դեռևս այս տարվա մարտին, երբ արձանագրվեց 2,2% 12-ամսյա գնաճ, իսկ ապրիլին 12-ամսյա գնաճը կազմեց 1,9%, սակայն նախապատվությունը տվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ (8%) թողնելուն։

Ներկայում ԿԲ-ի կողմից դրամավարկային պայմանների հնարավոր թուլացումները մի փոքր ուշացած են, քանի որ եթե ԵՄ-ում տնտեսական անկումը լինի կանխատեսված 0,3%-ից ավելի (պայմանավորված պարտքային խնդիրների խորացումով), Հայաստանում կառաջանան տնտեսական աճի տեմպի դանդաղման ռիսկեր։ Կառավարության իրականացրած քաղաքականության արդյունքում այս տարի Հայաստանում առնվազն 4,2% տնտեսական աճի ապահովումը գերխնդիր է։ Կառավարությունն այս տարվա պետբյուջեի հիմքում դրել է լրացուցիչ ֌101 մլրդ-ի եկամուտների հավաքագրում, և այդ միջոցների մոտ ֌70  մլրդ-ը պետք է ապահովվի 4,2% տնտեսական աճի և գնաճի հաշվին։ Այսօր արդեն առկա են այդ լրացուցիչ միջոցների հավաքագրման խնդիրներ, չնայած Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է, որ չորս ամիսներին արձանագրվել է 7,2% տնտեսական ակտիվություն։

Կառավարությունն իր հարկաբյուջետային քաղաքականությամբ չի կարող մեղմել համաշխարհային շուկայից Հայաստանի տնտեսական աճին սպառնացող ռիսկերը, քանի որ բյուջեի դեֆիցիտի կրճատման խնդիրը կա։

Մեկնաբանել