Չեչնիայում դպրոցականներին հագցնում են «շարիաթի կանոններով»

Նոր առաջարկները մեծ դժգոհության ալիք են բարձրացրել ծնողների շրջանում, քանի որ պահանջում են մեծ ծախսեր դպրոցական մեկ համազգեստի համար:

Վերջին հինգ տարիների ընթացքում դպրոցական համազգեստի հետ կապված նորմերը խստացվել են մի քանի անգամ: Իշխանությունը դա պայմանավորել է չեչենական մտածողությամբ և իսլամի օրենքներին համապատասանելու ձգտումով: Վերջին նորամուծությունները, ըստ ծնողների, արդեն ծայրահեղ են և բավական թանկարժեք:

Առաջին անգամ չեչեն «սովորողի» արտաքին տեսքի վերաբերյալ իր դժգոհությունը երկրի նախագահ Ռամզան Կադըրովն արտահայտել է 2007-ին. այդ ժամանակ պարտադիր է համարվել «սպիտակ վերև, մուգ ներքևը», բարձր դասարանի աղջիկների և ուսուցչուհիների համար` երկար կիսաշրջազգեստները: Հասարակությունը դա ողջունել է, քանի որ օրենքի շնորհիվ այլևս ակնհայտ չէին սոցիալական տարբերությունները:

Սակայն 2009թ-ից որոշվել է ներմուծել ընդհանուր համազգեստի գաղափարը, ներկայացվել է համագզեստի վեց մոդել, սակայն թանկ արժենալու պատճառով այն չի իրականացվել և օրինագիծը հետաձգվել է: Պարտադիր պահանջ է համարվել կանանց համար մարմինն առավելագույնս ծածկող հագուստը: Իր կարծիքով նման պայմանների չբավարարող հագուստով կնոջ տեսնելիս Կադըրովը կանգ է առել ու ասել. «Քեզ համար իշխանությունը փոխվե՞լ է». կնոջը կարող էին հեռացնել աշխատանքից միայն արտահագուստի պատճառով:

Հիմա, երկրի դպրոցներում մեկը մյուսի հետևից առավել խստացնում են «հագնվելու օրենքները»` ձգտելով առավել համապատասանեցնել «շարիաթի կանոններին». այդ առումով` կրթական հաստատությունները կարծես մրցակցելիս լինեն, մինչդեռ կրթության նախարարությունը հայտարարում է, թե «ոչ ոք ոչ մեկին ոչինչ չի ստիպում»:

Ծնողները և տնօրենները հակառակն են պնդում. «Այս համազգեստը մեզ տրվել է վերևից, ուղարկել են և ասել, որ բոլորը պարտադիր պիտի գնեն, երկկողմանի ծնողազուրկ երեխաներին կտրվի անվճար: Սա շատ թանկ է` շուրջ 2000 ռուբլի մեկ կոմպլեկտը, և այնպիսի համազգեստ է, որ ուղղակի անհնար է այլ ճանապարհով ձեռք բերել կամ կարել տանը»: Թեպետ պաշտոնապես դեռ չի հայտարարվել դպրոցներում հիջաբի (դեմքը ծածկող շորի) պարտադրանքի մասին, սակայն ծնողները վստահ են, որ մինչև սեպտեմբեր դա ևս «պարտադիր կդառնա» և բողոքում են` սպառնալով երեխաներին դպրոց չուղարկել:

Մեկնաբանել