«Եվրատեսիլ 2012»-ում հաղթեց Լորինը Շվեդիայից

Եզրափակիչում 26 երկրների ներկայացուցիչներից հաղթողներն ընտրվեցին քվեարկությամբ: Շվեդիան և Ռուսաստանն ի սկզբանե առաջատարներն էին:

Նշենք, որ Բաքուն «Եվրատեսիլ»-ը հնարավորինս շքեղ ու տպավորիչ անցկացնելու համար, ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, ծախսել էր շուրջ $135 մլն: Սակայն ադրբեջանական ընդդիմությունը որոշել էր գրավել հյուրընկալված լրագրողների և արվեստագետների ուշադրությունը և աշխարհին ներկայացնել այս երկրում մարդու իրավունքների խղճուկ պատկերը: Կազմակերպվել էին հանրահավաքներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքական գործիչները հանդիպել էին արտերկրի հյուրերի հետ, փորձել անցկացնել ցույցեր ու երթեր: Ոստիկանությունն աչալրջորեն խեղդել էր այդ փորձերը:

Վերջին շաբաթվա արդյունքներով` Ադրբեջանում տասնյակ ցուցարարներ են ձերբակալվել, տասնյակ մարդկանց` բռնի նստեցրել են ավտոբուսներն ու տարել Բաքվից դուրս: Որոշ տեղեկություններով` նրանց ծեծել ու բաց են թողել, որոշ տեղեկություններով` ծեծել են ու պահել մինչև «եվրատեսիլյան» հյուրերը հեռանան: Ընդդիմադիրներին սպառնացել են, որ «Եվրատեսիլ»-ի ավարտից հետո ձերբակալությունների նոր ալիք է լինելու:

«Եվրատեսիլ 2012»-ի հաղթող Լորինը երկու օր առաջ «Ազադլիգ»-ի հետ զրույցում խոսել էր Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող փաստերի մասին` նշելով, որ այդ մասին լռել չի կարելի: Մամլո ասուլիսի ժամանակ այդ մասին նրան տրվող հարցը թարգմանիչը խեղաթյուրել էր` հնչեցնելով. «Ինչպե՞ս էիք ձեզ զգում բեմի վրա»: Բնականաբար, թյուրիմացությունը կանխվել էր, հնչեցվել իրական հարցը, սակայն սա դարձել էր ևս մի դեպք Ադրբեջանի բռնատիրական վարչակազմը քողարկու փաստերի շարքում, որ այս օրերին մեջբերում են լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ 42 երկրներից առաջին և երկրորդ կիսաեզրափակիչներում ընտրված 20 երկրների` Լիտվայի, Բոսնիա և Հերցոգովինայի, Սերբիայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Մակեդոնիայի, Նորվեգիայի, Էստոնիայի, Մալթայի և Թուրքիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Իսլանդիայի, Հունգարիայի, Ալբանիայի, Դանիայի, Կիպրոսի, Հունաստանի, Ռուսաստանի և Իռլանդիայի ներկայացուցիչները, ևս վեց երկրների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ մրցեցին լավագույնը ճանաչվելու համար:

Նշենք, որ երգիչները չհետևեցին ադրբեջանցի ընդդիմադիրների` եվրատեսիլյան բեմահարթակից քաղբանտարկյալներին ազատելու խնդրանք հնչեցնելու կոչին, մրցույթն անցավ առանց միջադեպերի:

Մեկնաբանել