Լքելով Ֆեյսբուքիստանը


Ամերիկյան New Yorker հանդեսում ուշագրավ հոդված է հրապարակվել Facebook սոցիալական ցանցում օգտատիրոջ քաղաքացիական իրավունքների պաշտպանվածության մասին: Հոդվածի հեղինակ Սթիվ Քոլը (
Steve Coll, Leaving Facebookistan) Facebook-ի կառավարման համակարգը համեմատում է Չինաստանի կոմկուսի հետ և մի շարք այլ պատճառներ բերում, թե ինչու է լքում այդ սոցցանցը: Հոդվածը կրճատումներով ներկայացված է ստորև:

Facebook-ում ես գրանցվեցի 2008թ.՝ նպատակ ունենալով մեծացնել լրագրողի իմ լսարանը: Այդ ժամանակվանից ի վեր ես ավելի քան չորս հազար «ընկեր» եմ ձեռք բերել՝ Աֆղանստանում, Պակիստանում, Հնդկաստանում և Մերձավոր Արևելքում և, բնականաբար, հայրենիքում: Ես լիովին զգացի Facebook-ի հանրության հմայքը և մասնավորապես այն անսովոր էմոցիոնալ աջակցությունը, որը զգում ես, երբ վիրտուալ տարածքում մարդկանց միավորում է հիվանդությունը կամ ընկերոջ մահը:

Այն փաստը, որ Facebook-ի հիմքում ընկած են ընկերության, համագործակցության, հասարակական ինքնության ու ակտիվության արժեքները, ինչպես նաև դրանց առևտրայնացումը, սոցցանցը կորպորատիվ և հասարակական միջավայրերի աննախադեպ սինթեզ է դարձնում: Օգտատերերի հետ կորպորացիայի հանրային պայմանագիրը հավակնոտ է երևում, սակայն ընկերության ո՛չ կառավարման համակարգը, ո՛չ էլ երիտասարդ առաջնորդը վստահություն չեն ներշնչում:

(Facebook-ի հիմնադիր) Ցուկերբերգի բիզնես մոդելը օգտատերերից պահանջում է վստահություն և հավատարմություն, որպեսզի նա կարողանա փող աշխատել նրանց ակտիվության շնորհիվ, ընդ որում՝ նա անընդհատ պետք է ստուգի, թե որքանով է ամուր այդ վստահությունը՝ կորզելով առավելագույն եկամուտներ, այդ թվում՝ անձնական տեղեկատվությունը վաճառելու միջոցով:

Ընկերության բաժնետոմսերի անցյալ շաբաթվա տեղաբաշխումը բորսայում կսրի այդ հակասությունը: Facebook-ի հսկայական գինն այսուհետ ընկերությանը ստիպելու է հասույթի ծավալներն ավելացնել յուրաքանչյուր օգտատիրոջ հաշվով: Դա նշանակում է ավելի շատ գովազդ, տվյալների ավելի շատ հավաքագրում և օգտատերերի անձնական, մշակութային, քաղաքական և նույնիսկ հեղափոխական ակտիվության առևտրայնացման գործում ավելի շատ հնարամտություն:

Ինչ-որ ուտոպիստական է, երբ Սիրիայում և Իրանում հետապնդումներից ճնշվածները արժանապատվություն և ազատություն են որոնում կորպորատիվ դիկտատուրայի պայմաններում, որը հարստություն է բերում ընկերության հիմնադիրներին և հավակնում է վերահսկողություն հաստատել օգտատերերի նկատմամբ:

Facebook-ը օգտատերերին զիջումների է գնում միայն այն դեպքերում, երբ դա համապատասխանում է ընկերության շահերին: Ցանկացած քվեարկություն և խորհրդատվություն զուտ ռեկոմենդացիոն բնույթ ունեն: Այդ համակարգը քաղաքական վերահսկողություն հաստատելու այն նույն ռազմավարությունն է օգտագործում, ինչ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը՝ պետության կողմից կազմակերպվող թափանցիկության արշավներ և տեղերում կառավարելի ժողովրդավարություն:

Հավանաբար, նախևառաջ արժե հիշել քաղաքացիական իրավունքների մասին: Առնվազն Ֆեյսբուքիստանի դեպքում ես որոշեցի օգտվել իմ այդ իրավունքներից: Իմ կարծիքով՝ ժամանակն է լքելու այդ գերհագեցած և անհուսալի հանրային հարթակը:

Facebook-ի ձեր էջի կարգավորում (settings) մասում կա փոքրիկ կոճակ՝ ապաակտիվացնել օգտահաշվիը (deactivate account): Եթե դուք սեղմեք այդ կոճակը, Facebook-ը ցույց կտա մարդկանց դեմքեր, «որոնք ձեզ կարոտելու են»: Եթե դուք այնուամենայնիվ հաստատակամ եք և շարունակում եք լքելու գործողությունը, դուք ստիպված եք պատասխանել ցանցը լքելու պատճառի մասին հարցին: Ցավոք, «ոչ ադեկվատ քաղաքացիական կառավարում» կամ «կորպորատիվ կառավարման նկատմամբ անվստահություն» պատասխանների տարբերակներ չկան: Առկա տարբերակներից ես ընտրեցի «ապահով չեմ զգում ինձ Facebook-ում»-ը…

Ցտեսություն, Facebook-ի ընկերներ: Ցանկանում եմ, որ դուք՝ որպես ազատ քաղաքացիներ, համատարած օգտվեք քաղաքացիական ձեր լիարժեք իրավունքներից:

Մեկնաբանել