Դել Բոսկե. Արժանիներին ենք ընտրել

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն մեկնաբանել է իր ներկայացրած Եվրո 2012-ի վերջնական հայտացուցակը և հույս է հայտնել, որ թիմի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը կհասցնի վերականգնվել մինչև առաջնության մեկնարկը:

«Շատ երկար ենք մտածել թիմի վերջնական հայտացուցակի վրա: Բոլոր նրանք, ովքեր այս ընթացքում մեզ հետ են եղել ու չեն մեկնի Եվրո, ըստ երևույթին այժմ հիասթափված են, բայց օգոստոսին նոր հավաք է լինելու: Այդ տղաները պետք է գիտակցեն, որ իրենք շարունակում են մեր տեսադաշտում մնալ:

Այո, Ադրիանը հրաշալի հանդիպում անցկացրեց Սերբիայի դեմ, բայց դա չէ կարևորը. այդ դիրքում մենք ունենք Չավի և Մատա:

Չգիտեմ, հնարավոր է` ոմանք կմտածեն, որ օբյեկտիվ չենք եղել ֆուտբոլիստների ընտրության հարցում: Այդուհանդերձ, մենք ընտրել ենք այն խաղացողներին, ովքեր արժանի են հանդես գալ Եվրո 2012-ում:

Վիլյային լիովին փոխարինելն անհնար է` թե՛ խաղային որակների, թե՛ օգտագար գործողության գործակցի տեսանկյունից: Նույնը կասեմ Պույոլի մասին, ով նույնպես մեր առանցքային խաղացողներից է:

Պեդրոն լիարժեք մրցաշրջան չանցկացրեց, բայց մենք փորձեցինք ուշադրություն չդարձնել այդ հանգամանքի վրա. մեզ եզրերում գործող արդյունավետ ֆուտբոլիստներ են հարկավոր:

Բժիշկները լավ են տրամադրված Ֆաբրեգասի հարցում, հուսով եմ նա կհասցնի վերականգնվել մինչև առաջնության մեկնարկը: Ֆուտբոլիստները ծանր մրցաշրջան են անցկացրել, բայց այստեղ ամեն ինչ խելքից է կախված. եթե ճիշտ տրամադրվես, ապա ոտքերդ էլ արագ կշարժվեն»,- Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել