Փակ շուկան ու չար լեզուները

Փակ շուկայի տանիքի քանդումը պարզելու նպատակով մեր լրագրողական թիմը մոտեցավ Սամվել Ալեքսանյանին, որը, չար լեզուների ասելով, Yerevan City-ի սեփականատերն է: «Նախ՝ ուզում եմ ասել, որ ես բացառապես օրենսդիր եմ և կապ չունեմ ո՛չ Yerevan City-ի, ո՛չ էլ որևէ այլ բիզնեսի` Alpha-Pharm-ի, Моя Семья-ի կամ առավել ևս՝ շաքարի բիզնեսների հետ: Ոչ մի կապ, ես ընդամենը օրենսդիր եմ»,- ասաց Ալեքսանյանը:

«Իսկ եթե լուրջ,- շարունակեց նա,- ապա պետք է խոստովանեմ, որ մեր նպատակները Փակ շուկայում միայն բարի են: Մենք փորձում ենք այն վերակառուցել և գեղեցկացնել: Իսկ կտուրի կործանման պահը… դա մենք չէինք նախատեսել: Պարզապես մի քանի երիտասարդ` մեր Yerevan City-ի աշխատողներից, որոշեցին, որ պետք է ապամոնտաժեն և… տենց նախաձեռնող խումբ ստեղծեցինք: Դե մենք չենք ստեղծել, ինքնաբուխի մեջ է, էլի»:

Yerevan City-ի տառաճանաչ ներկայացուցիչներից մեկը նշեց, որ Փակ շուկան ոչնչացնելու միանշանակ նպատակ չկա. «Նպատակը շուկայի ընլայնումն է, որին խանգարում է կտուրը: Հա՝ մեկ էլ պատերը: Բայց դրանից զատ` շուկան մնալու է նույն նախկին մեր սիրելի շուկան: Պարզապես այդքան փակ չի լինի, քանի որ մտածում ենք վերևը ապակեպատ անել: Բայց մնացածը` ինչպես կար, այդպես էլ կմնա»:

Հարցին, թե ինչպես է Yerevan City-ն վերաբերվում այն բանին, որ շուկայի վերափոխումը հակասում է օրենքին, քանի որ այն մշակութային ժառանգություն է, Yerevan City-ի մեկ այլ ներկայացուցիչ պատասխանեց, որ «ամեն ինչ լինելու է օրենքի սահմաններում, բացի շուկայի կառուցվածքից»:

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Գալուստ Տուպիկյանը նշեց, որ իրենք «որևէ կապ չունեն քանդման ապօրինությունների հետ»: «Բոլոր ապօրինությունները արել է ապամոնտաժող բրիգադը, որը ինքնաբուխ առաջացավ և պահանջեց քանդել շուկայի մի մասը: Հետո նաև քանդեց այն»:

Չար լեզուները շարունակում են հետևել գործընթացին, սակայն արդեն ակնհայտ է, որ ապամոնտաժող բրիգադը մտադիր է լիովեն ձևափոխել շենքը:

«Մենք լիովին մտադիր ենք ձևափոխել շենքը»,- նշում է ապամոնտաժող բրիգադի ղեկավար Կարեն Ավագյանը: «Դա չի արվում Սամվել Ալեքսանյանի բիզնեսը ընդլայնելու համար, դա պարզապես մեր երիտթևի ինքնաբուխ որոշումն է: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ափսոս է քաղաքի կենտրոնում այդ մեծ տարածքը միայն միհարկանի տուզի շուկա սարքել: Կփորձենք մեծացնել, որ հա՛մ մեր ազգին լավ լինի, հա՛մ Yerevan City-ին: Իսկ եթե ավելի լուրջ` Yerevan City-ին:»:

«Մենք պարզապես ապշած ենք ապօրինության աստիճանից և քանդման աշխատանքների տեմպից, բայց հույս ունենք, որ հանրային ճնշումը կկանխի այս հսկա բուծիկի կառուցումը»,- ասել է ավագ չար լեզուն:

Մեկնաբանել