Պոզները «Եդինայա Ռոսիա»-ն համեմատել է ԽՄԿԿ-ի հետ

Իր «Պոզներ» հաղորդման (որը Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվում է ամեն երկուշաբթի՝ ժամը 24:00-ին) ավարտին Վլադիմիր Պոզները հանդես է գալիս եզրափակիչ խոսքով, որի բովանդակությունը սովորաբար կապ չունի թողարկման հիմնական մասը կազմող հարցազրույցի հետ։

Երեկ նա հարցազրույց է վերցրել ռուս հայտնի բժիշկ Լեոնիդ Ռոշալից, ապա մեկնաբանել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության՝ մայիսի 26-ին կայացած համագումարը։

Հաղորդավարի խոսքով՝ համագումարի ընթացքում, որն ավարտվել է Դմիտրի Մեդվեդևի՝ «Եդինայա Ռոսիա»-ի առաջնորդ ընտրմամբ, «տեղի չի ունեցել ոչ մի բան, որից կարելի կլիներ եզրահանգել, որ կուսակցությունը, որը, այնուամենայնիվ, անշեղորեն կորցնում է բնակչության աջակցությունը, մտահոգված է դրանով, փորձում է վերլուծել, թե դա ինչու է տեղի ունենում, ինչ-որ եզրահանգումներ է անում և արդյունքում ինչ-որ բան փոխում է»։

«Հենց դա էր ինձ համար զարմանալի։ Ես ուրիշ բան էի ակնկալում»,- ասել է Պոզները։

Նա հավելել է, որ իրեն զարմացրել է նաև «այն, թե համագումարն ինչպես է ընթացել»։ «Չէ՞ որ այն, անձամբ ինձ, շատ էր հիշեցնում Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության (ԽՄԿԿ)՝ լճացման ժամանակների համագումարը»,- նշել է Պոզները։

Ապա նա հիշել է, որ ԽՄԿԿ համագումարում քվեարկությունը գաղտնի է իրականացվել, «իսկ այստեղ անգամ դա չկար», և «Եդինայա Ռոսիա»-ն բաց էր քվեարկում։

«Ու ոչ մի դեմ ձայն, ոչ ոք ձեռնպահ չմնաց,- ասել է Պոզները։ – Դուք հասկանո՞ւմ եք, որ այդպես չի լինում։ Որ այնտեղ, որտեղ հավաքվում է մի քանի հարյուր կամ անգամ հարյուր մարդ, անպայման մեկը կլինի դեմ, անպայման մեկը ձեռնպահ կմնա։ Պարզապես այդպես ենք մենք ստեղծված, ես նկատի ունեմ՝ մարդիկ։ Դա անպայմանորեն այդպես է»։

«Ինչո՞ւ։ Ի՞նչ կա վախենալու։ Որ կուսակցությունից կհեռացնե՞ն։ Կհեռացնեն կերատաշտի՞ց։ Իսկ ժողովրդավարությո՞ւնը»,- հարցրել է հեռուստահաղորդավարը։

Դրանից հետո նա հիշել է, որ Անգլիայի խորհրդարանում Կառլ 1-ին  թագավորի ժամանակներում մտցվել էր մի կանոն, երբ քվեարկության ընթացքում պատգամավորները պետք է կանգնեին, որպեսզի միապետն ավելի լավ տեսներ, թե ով է իրեն դեմ։ «Իսկ մեզ մոտ անգամ դա էլ պետք չէ»,- նշել է Պոզները։

Վերջում նա Մեդվեդևին հրավիրել է մասնակցելու իր հաղորդմանը և բացատրելու, թե իր ընտրման գործընթացն ինչու է հենց այդպես ընթացել։

«Միգուցե հնարավոր է՝ ես ինչ-որ բան չեմ հասկանում։ Ասացե՛ք, Դմիտրի՛ Անատոլևիչ, Դուք արդեն կուսակցության նախագահ եք, գուցե Դուք մասնակցե՞ք հաղորդմանը և բացատրե՞ք ինձ ու մյուսներին։ Դա կլինի չափազանց հետաքրքիր և իհարկե, օգտակար։ Հիանալի կլիներ»,- ասել է Պոզները։

Ռուսաստանի վարչապետի ներկայացուցիչներն այս հրավերն առայժմ չեն մեկնաբանել։