Ադիբեկյանի հարցման արդյունքները կանխորոշված են. Վիտալի Բալասանյան

Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը Ֆեյսբուքի իր էջում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին մեղադրում է Ղարաբաղում «արդյունքները կանխորոշված» հարցում անցկացնելու մեջ:

Բալասանյանը մասնավորապես գրել է. «Այսօր Ստեփանակերտում պատահաբար հանդիպել եմ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի հետ: Օրերս ես ահազանգ էի ստացել Մարտակերտից, որ սոցիոլոգիական հարցումներն անցկացվում են` նշելով հարցվողի անունն ու հեռախոսահամարը: Սոցիոլոգը դա նորմալ համարեց, սակայն ես վստահ եմ, որ նման ձևով շատ հարցվողներ իրենց պատասխաններում ազնիվ չեն լինի: Ավելին` հեռախոսահամարի և անվան նշումը հետագայում տեղի կտա հետապնդումների: Ես նաև համոզված եմ, որ Ադիբեկյանի հարցման պատվիրատուն Արցախի իշխանություններն են` վկան նրան ուղեկցող և աջակցող անձինք: Սոցհարցումների անցկացմանն ակտիվորեն մասնակցում է Ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» երիտասարդական միությունը` կազմակերպության ղեկավար Գեղամ Ստեփանյանի գլխավորությամբ: Հստակ է, որ հարցման արդյունքները կանխորոշված են և Ադիբեկյանն Արցախում 1917-20թթ. անգլիական միսիոների դեր է կատարում»: