Տարոնը՝ խաղից դուրս

Երևանի Փակ շուկայի կամարապատ տանիքի փլուզման կամ քանդման հետ կապված զարգացումները ուշագրավ ընթացք են ստանում: Փակ շուկայի տանիքը ակամա բացահայտում է քաղաքի խնդիրների լուծման առումով  Երևանի քաղաքապետարանի անկարողությունը:

Շուկան ձեռք է բերել հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը, որը տևական ժամանակ է, ինչ շինարարական աշխատանքներ է իրականացնում այնտեղ: Հենց շինարարական աշխատանքներն էլ պատճառ են հանդիսացել, որ օրեր առաջ պատմամշակութային արժեք ներկայացնող շուկայի կամարապատ տանիքը փլուզվի: Տարօրինակն այն է, որ ամիսներ առաջ այդ նույն տանիքի հետ կապված Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ շինաշխատանքների ժամանակ շուկայի տանիքին ձեռք չի տրվելու: Սակայն այսօր պարզվում է, որ անկախ ամեն ինչից՝ տանիքը փլուզվում է: Ավելին՝ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական հայտարարությունն է տարածում, որտեղ մասնավարոապես ասված է. «Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 փակ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տրամադրվել»:

Ստացվում է, որ ի հեճուկս քաղաքապետի՝ Փակ շուկայում շինաշխատանքներ իրականացրել են, որի հետևանքը փլուզված տանիքն է: Փաստացի, Երևանի քաղաքապետարանի որոշումները շուկայի սեփականատերը պարզապես չի հարգում և աշխատանքներն իրականացնում է սեփական ցանկությամբ և ճաշակով: Իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ ի զորու չէ իր հրահանգները հարգել տալու:

Ուշագրավ է, որ նույն Մաշտոցի պողոտայում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Երևանի քաղաքապետը չի կարողանում իրավիճակը վերահսկել:

Խնդիրը թերևս քաղաքապետարանում պետք չէ որոնել: Պարզապես Ալեքսանյանը ընտրություններին մատուցած ծառայությունների դիմաց իր վարձատրությունն է ստանում: