Հայաստանը միացել է «Մաքրենք աշխարհը 2012» գլոբալ արշավին

Եվրոպայում մարտի 24-ից սկսվել և մինչև սեպտեմբերի 25-ը կանցկացվեն Let’s Do It! World համաշխարհային շարժման «Մաքրենք աշխարհը 2012» արշավի զանգվածային քաղաքացիական միջոցառումներ։ Դրանց մասնակցում են 90-ից ավելի երկրներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, Հայաստանը նույնպես միացել է այս գլոբալ արշավին, և «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» կամավորական նախաձեռնության շրջանակներում սեպտեմբերի 15-ին տեղի կունենա միջոցառում:

ՀՀ ոստիկանությունն իր պատրաստակամությունն է հայտնում միանալու կամավորական նախաձեռնությանը ՀՀ բնապահպանական, սոցիալական ու կենցաղային ոլորտի խնդիրները համատեղ լուծելու համար: