«ՎՏԲ 24»-ը «ֆինանսական McDonald’s» է ստեղծում

«ՎՏԲ» խմբի մանրածախ խումբը՝ «ՎՏԲ 24»-ը, «թեթև» բանկ կգործարկի՝ նախատեսված հաճախորդների լայն շերտի համար, հաղորդում է «ՎՏԲ 24»-ի առաջին փոխնախագահ Դմիտրի Ռուդենկոն։ «Եթե ցանկանում եք, կարող ենք այն ֆինանսական McDonald’s կամ Starbucks անվանել»,- հայտարարել է Ռուդենկոն։

Նրա խոսքով՝ «թեթև» բանկը կգործարկվի մինչև 2012թ. վերջը։ Այս ընթացքում ծրագրվում է մի շարք մասնաճյուղեր բացել ինչպես Մոսկվայում, այնպես էլ շրջաններում։ Նախագիծն ամբողջությամբ կգործարկվի հաջորդ տարի։

«ՎՏԲ 24»-ի նախագահ Միխայիլ Զադորնովի խոսքով՝ սկզբնական շրջանում ներդրումները նոր բանկում կկազմեն 2-2,5 մլրդ ռուբլի։ «Թեթև» բանկը կտրամադրի պլաստիկ քարտերով վարկեր, POS վարկեր, կանխիկով փոխառություններ։ Հետագայում չի բացառվում, որ ֆինանսական հաստատությունը զբաղվի բանկային փոխանցումներով։

Նշենք, որ ներկայում «ՎՏԲ» բանկի մանրածախ կառույցներն աշխատում են այսպես կոչված «բարձրակարգ» հաճախորդների հետ՝ այն մարդկանց, որոնց եկամուտները գերազանցում են նրանց բնակության շրջանի եկամուտների միջին մակարդակը։

Մեկնաբանել