Հունիսի 1-ին Կենդանաբանական այգու մուտքն անվճար կլինի

Հունիսի 1-ին`Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Երևանում կանցկացվեն մի շարք տոնական միջոցառումներ՝ տոնախմբություններ, կավճանկար-մրցույթներ, համերգային ծրագրեր, հյուրասիրություն: Գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու Երևանի կենդանաբանական այգում և «Հաղթանակ» զբոսայգում: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

Կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին կլինի անվճար: Այստեղ նախատեսված են նաև համերգային ծրագիր, տիկնիկային ներկայացումներ, հյուրասիրություն:

«Հաղթանակ» զբոսայգում Երևանի քաղաքապետարանը տոնական միջոցառումները նախապատրաստել է «Ուրախ ժամանց» ընկերության հետ համատեղ: Զբոսայգու 25 ատրակցիոններ մինչև 16 տարեկանների համար հունիսի 1-ին կլինեն անվճար՝ ժամը 10:00- 13:00: Մանկական տոնական միջոցառումները շարունակվելու են մինչև ժամը 19:00, այնուհետ մինչ 23:00 զբոսայգու բեմում ելույթ կունենան էստրադային երգիչներ: Ժամը 22:00-ին կլինի մեծ հրավառություն:

Նախատեսվում է, որ միջոցառումներին կմասնակցի 150 հազ. երեխա: Ամբողջ օրը տոնակատարությունների վայրերում կհերթապահեն քաղաքացիների անվտանգությունն ապահովող համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ, շտապ օգնությունը, ինչպես նաև նախապես հերթագրված և հաստատագրված երիտասարդ կամավորներ:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի տեղեկացմամբ` հունիսի 1-ին նախատեսված հիմնական միջոցառումներին մասնակցելու են նաև Երևանում գործող երեք հատուկ դպրոցների սաները, որոնց տրանսպորտային խնդիրները ևս, անհրաժեշտության դեպքում, քաղաքապետարանը պատրաստ է հոգալու:

Քաղաքապետարանն ավարտել է նախապատրաստական բոլոր աշխատանքները: Երևանի բակային տարածքներում և այգիներում համապատասխան տարածքների բարեկարգման աշխատանքներից հետո արդեն տեղադրվել է 100 մարզական խաղ:

Մեկնաբանել