Նոր բախումների արդյունքում երեքշաբթի մահացել է 2 մարդ, վիրավորվել` 7-ը: Նախորդ օրը բախումների հետևանքով մահացել է 2 մարդ, վիրավորվել ավելի քան 60-ը, որից մոտ 40-ը` ոստիկաններ:
Բողոքի պատճառն այն է, որ բնակիչները սկսել են կասկածել, որ շվեյցարական Xstrata ընկերությանը պատկանող հանքը աղտոտում է շրջակա միջավայրը` հատկապես մոտակայքով հոսող գետը: Բնակիչները և տեղի իշխանությունները պահանջում են միջավայրի վրա հանքի ազդեցության փորձաքննություն անցկացնել, ինչպես նաև պահանջում են, որ սեփականատերը 10 անգամ ավելի շատ ներդրումներ կատարի համայնքային բյուջե:
Էսպինարում 30 օրով արտակարգ դրություն է հայտարարվել: Այս ընթացքում բնակիչները չեն կարողանա օգտվել մի շարք սահմանադրական իրավունքներից, այդ թվում և` հավաքների և ցույցերի անցկացման ազատությունից, բնակության վայրի անձեռնմխելիությունից և այլն:
Տեղական իշխանությունները, փաստացի, կանգնել են բողոքողների կողքին: Մասնավորաբար, քաղաքապետը հայտարարել է, որ ոստիկանությունն առանց պատճառի կրակ է բացել ցուցարարների վրա, ինչը չի համապատասխանում կենտրոնական կառավարության տարածած պաշտոնական վարկածի հետ:
Սրանք Պերուում անցկացվող առաջին ցույցերը չեն հանքերի` միջավայրի վրա թողած ազդեցության պատճառով: Պերուի տնտեսությունը մեծապես կախված է հանքարդյունաբերությունից: Այն արծաթի ամենամեծ արտահանողն է, երկրորդ տեղն է գրավում համաշխարհային շուկայում ցինկի արդյունահանմամբ: