Դրամի թուլացումն արդեն հանգեցրել է սպառողական ապրանքների գների 5-10-ով բարձրացմանը։ Մոտավոր հաշվարկով ազգային արժույթի 1 կետով արժեզրկումն ամսվա կտրվածքով բանկային համակարգում վարկառուների տոկոսային բեռն ավելացնում է 20 մլն-ով։ Հաշվի առնելով նաև Հայաստանում բանկերի վարկային պորտֆելի, տնտեսության, ինչպես նաև արտահանման կառուցվածքը՝ ազգային արժույթի արժեզրկումն ավելի շատ բացասական տարրեր է պարունակում, քան դրական։
Ազգային արժույթի արժեզրկման ֆոնին Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելում շարունակում է աճել դոլարային վարկերի տեսակարար կշիռը։ Միայն ապրիլին ցուցանիշն ավելացել է 0,16-տոկոսային կետով՝ կազմելով 62,7%, հունվար-ապրիլին վարկային պորտֆելի դոլարիզացիան ավելացել է 1,7-տոկոսային կետով։
Վարկային պորտֆելի դոլարիզացիայի աճին զուգահեռ՝ ապրիլին արձանագրվել է ավանդների դոլարիզացիայի մակարդակի ավելացում 0,72-տոկոսային կետով. ապրիլի վերջին ավանդների 68,32%-ը արտարժութային էր։
Ավանդների դոլարիզացիայի աճը պայմանավորված է ամենայն հավանականությամբ դրամի արժեզրկման սպասումներով, հատկապես եթե հաշվի առնենք, որ մայիսի 6-ից հետո սպասումներն այդքան էլ հեռու չեն իրականությունից։
Թույլ դրամը թանկացնում է վարկերը
Ավանդների դոլարիզացիայի աճն ու դրամի արժեզրկման սպասումները բանկերին հնարավորություն չեն տալիս իրականացնել դրամով լայնածավալ վարկավորում։ Իսկ արտարժույթով վարկավորումն ավելացնում է թե՛ տնտեսության, թե՛ բանկերի ռիսկերը։
Թեև կարճաժամկետ հեռանկարում դրամի արժեզրկումը շահավետ է բանկերի համար, երկարաժամկետ կտրվածքում այդ օգուտները կարող են և փոշիանալ։ Հիմք ընդունելով, որ դոլարային վարկերի միջին տարեկան տոկոսադրույքը 12% է, և այն, որ ապրիլին դոլարային վարկերի ծավալը կազմել է $2,24 մլրդ՝ ազգային արժույթի 1 կետով արժեզրկումը ամսվա կտրվածքով բանկերին ապահովում է մոտ 20 մլն-ի հավելյալ եկամուտներ։
Եթե նույնիսկ բացառենք հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների արտարժութային վարկերի ծավալը, միևնույն է, ամսվա կտրվածքով փոխարժեքի տատանման արդյունքում բանկերի եկամուտները կազմում են մոտ 18 մլն։
Մյուս կողմից՝ դրամի 1 կետով արժեզրկման պայմաններում դոլարային վարկի մայր գումարը դրամային եկամուտներ ունեցողների համար ծանրանում է մոտ 0,25%-ով։ Բացի այդ՝ մայր գումարի ծանրացումը, ինչպես նաև սպասարկման ծախսերի ավելացումը բանկերի համար վարկերի վերադարձելիության ռիսկեր է ստեղծում։
Այսպես՝ բանկերի արտարժութային վարկերի կառուցվածքում սպառողական, հիփոթեքային, գյուղատնտեսական և շինարարական վարկերի մասնաբաժինը կազմում է մոտ 30%։ Եթե, օրինակ, մեծածախ առևտրով զբաղվող ընկերություններն ապրանքային շուկաների ներկայիս կառուցվածքի պայմաններում կարողանում են արտարժութային ռիսկերը տեղափոխել սպառողների ուսերին՝ բարձրացնելով գները, ապա սպառողական և գյուղատնտեսական վարկերի վերադարձելիության ռիսկերը դրամի արժեզրկման պայմաններում գնալով ավելանում են։
Թույլ դրամի և արտահանման կապը թույլ է
Թեև առկա է տեսակետ, որ թույլ դրամը նպաստում է արտահանմանը, սակայն առ այսօր որևէ հաշվարկ չի ներկայացվել, թե դրամի 1 կետով թուլացման պայմաններում քանի տոկոսով է ավելանալու արտահանումը։ Հաշվի առնելով Հայաստանի արտահանման կառուցվածքը (արտահանման մոտ 60%-ը կապված է ընդերքի հետ, իսկ 16,1%-ը ալկոհոլ և ոչ ալկոհոլային խմիչքներն են)՝ փոխարժեքի և արտահանման միջև կապը բավական թույլ է։
Հայաստանի արտահանումը մեծապես կապված է համաշխարհային շուկայում մետաղների գներից, իսկ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների հիմնական շուկան Ռուսաստանն է, որտեղ բնակչության կենսամակարդակը նույնպես պայմանավորված է էներգակիրների բարձր գներով։
ԱՄՆ-ի համար մասնագետները, օրինակ, հաշվարկել էին, որ դոլարի 1%-ով արժեզրկման դեպքում արտահանումն ավելանում է 0,45%-ով։ Հաշվի առնելով ԱՄՆ արտահանման դիվերսիֆիկացիան՝ հազիվ թե Հայաստանի դեպքում ազգային արժույթի 1%-ով արժեզրկումը բերի արտահանման 0,45% աճի։
Կա նաև տեսակետ, որ ազգային արժույթի արժեզրկումը նպաստում է օտարերկրյա ներդրումների հոսքի ավելացմանը։ Սակայն Հայաստանի ապրանքային շուկաների կենտրոնացվածության բարձր աստիճանի և տնտեսության թույլ դիվերսիֆիկացման պայմաններում դրամի արժեզրկումը հազիվ թե խոշոր ներդրումների ներհոսքի հիմնական խթանն է։