Լռություն ցանկացած առիթով

Հայ մարդն ամեն օր իր կաշվի վրա զգալու է Սերժ Սարգսյանի ոչ հրապարակային նախագահ լինելը: Երկրում տեղի ունեցող ամեն ինչ հարցեր է առաջացնում, ու այդ հարցերից ոչ մեկը պատասխան չունի: Այնպես չէ, որ Շվեդիայում բոլոր հարցերին պատասխանում է թագավորը կամ վարչապետը: Բայց Շվեդիայում քաղաքացիականության այնպիսի ինստիտուտ են կայացրել, որտեղ հարցերն առաջանում են ավելի շատ գեղարվեստական գրականություն ընթերցելիս, քան առօրեական որևէ անօրինականության բախվելիս:

Նորվեգիայում Բրեյվիկի զինված հարձակումը մարդկանց մոտ առաջացրեց մոտավորապես այսպիսի հարց՝ ինչո՞ւ ինքնասպան եղավ Էմմա Բովարին: Էժեն Իոնեսկուն ասում էր, որ ինքը երբեք իր ստեղծագործությամբ որևէ հարցի պատասխան չի տալիս, ավելի շուտ արձանագրում է հարցերը: Սա լավ է գրականության պարագայում, բայց երբ պետության մեջ իշխանությունն է հարցեր արձանագրում, դրանց պատասխանողը քաղաքացին չի կարող լինել, որովհետև քաղաքացին իշխանություն է ձևավորել՝ առաջանալիք բոլոր հարցերը թողնելով նրա «վզին»:

Երկու օր առաջ սեմինարի էի մասնակցում: Թեման քաղաքացիական հասարակությունն էր: Բոլոր շեշտադրումները՝ մաքսային կամ հարկային քաղաքականություն, մամուլ, ընտրություններ, կապ չունեին մեր ազգային մենթալիտետի հետ: Դրանք խնդիրներ էին, որոնք քաղաքական կամք էին ուզում ասպարեզը լքելու համար: Ընտրությունների հենց հաջորդ օրը շաքարավազը թանկացավ: Հիմա դա այնքան բնական երևույթ է, որ ոլորտի մենատնտեսը նույնիսկ ալարեց ասել, որ «գեոպոլիտիկ մի շարք գործոններ են անդրադարձել շաքարավազի գնի վրա»: Թանկացել են ներմուծվող ոսպը, ձավարը, ոլոռը, բրինձը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը լրատվամիջոցներին ասել է, որ փոխարժեքի տատանումն ազդում է ներմուծված ապրանքների գնի վրա: Ինքը հաստատ չի կարող ասել, թե ինչու այդ նույն փոխարժեքի անկումը չէժանացրեց հիշյալ ապրանքների գները, ինչու բարձրացավ շաքարավազի գինը, երբ հաջորդ օրը պարզվեց, որ ամբողջ աշխարհում շաքարավազի գները նվազել են մի քանի տասնյակ դրամով: Կամ ինչու հիմա չի վերադառնում նախկին գնին, եթե հաշվի առնենք, որ դոլարը թանկացել է: Իսկ դոլարն ինչո՞ւ է թանկացել:

Այս հարցի պատասխանն ամեն օր կարելի է լսել: Բայց դրանք պետական ինստիտուտներ ունեցող երկրի պատասխաններ չեն: Չի կարող այնպես լինել, որ դոլարի թանկացումը լինի օրինաչափ ու մարդուն չոչնչացնող, իսկ ընտրությունները լինեն դրանց հակառակը:

Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ Սերժ Սարգսյանը լինի հրապարակային ղեկավար: Անհրաժեշտ է, որ նրան առընթեր մյուսները հասկանան, որ իրենց քմահաճույքների ուղղակի պատասխանատուն լինելու է երկրի ղեկավարը, որ նրան է քրքրելու քաղաքացին: Իսկ երբ նախագահ դառնալու օրվանից մինչև այսօր նրա ամենահրապարակային, բոլոր քաղաքական կողմնորոշումների լրագրողներին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առջև ասված հետևյալ խոսքերն են՝ «էս ի՞նչ խաբար ա, էս ինչի՞ եք էսքան հավաքվել», Սամվել Ալեքսանյանն ու նրա մենթալիտետին առընթեր մյուսներն ազատ են անելու խելքներին փչածը:

Օրերս տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանը վաստակավոր արտիստի կոչում է շնորհել երգիչ Արման Հովհաննիսյանին: Անմիջապես հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Վստահ եմ, որ սրա պատասխանը մշակույթի նախարարը կամ Կոմպոզիտորների միության նախագահը չպետք է տան: Փակ շուկան քանդելու պատասխանը Սամվել Ալեքսանյանը չպետք է տա: Ոչ էլ նույնիսկ քաղաքապետը: Պետք է տա Սերժ Սարգսյանը, որովհետև նա միակն է, որ լռում է ցանկացած առիթով: Նա միակն է, որը Սահմանադրությամբ է պարտավորված պատասխան տալ ամեն ինչի համար: Նա միակն է, որը հրահանգներ կարող է տալ և պատասխան տալ հանրությանը, թե ինչու դրանք իրականություն չեն դառնում: Նա երկրի ամբողջականության երաշխավորն է: Դե հիմա թող ուշադիր նայի պետությանը ու տեսնի՝ ամբողջակա՞ն է այն, թե ոչ: Եթե ամբողջական է, ինքն ի՞նչ գործ ունի ՀՀԿ ցուցակում: Ցուցակում տեղ գտնելով նա արդեն ակնարկել է, որ ժողովուրդն ընտրության հնարավորություն չպետք է ունենա, ցուցակում լինելով նա հրահանգ է ակնարկել՝ ապահովել ՀՀԿ-ի հաղթանակը: Նախագահի հաղթանակը չի կարող լինել ներքին որևէ իրադարձությունում, եթե ահաբեկիչները, ասենք, չեն հարձակվել ԱԺ-ի կամ որևէ դպրոցի վրա: Մնացած բոլոր դեպքերում նախագահը կարող է հաղթել միայն արտաքին ճակատում: Ահա ինչու, եթե բոլորը լռեն, և պատասխան տա միայն Սերժ Սարգսյանը, երկրում հաստատ ինչ-որ բարենորոգում հնարավոր կլինի: Այլապես ընտրություններով երկիրը խայտառակվել է հերթական անգամ, և դրա համար Եվրախորհրդում պատասխան է տալիս ոչ թե ՀՀԿ ցուցակի առաջին համարը, այլ 13-րդ համարը՝   Դավիթ Հարությունյանը: