Վերջերս «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative- ESI) հետազոտական կազմակերպությանը «Խավիարային դիվանագիտություն, կամ ինչպես Ադրբեջանը լռեցրեց Եվրախորհրդին» (Caviar Diplomacy. How Azerbaijan silenced the Council of Europe) զեկույցը բավականին տարածվեց հայկական լրատվամիջոցներով՝ ավագ սերնդի տեղեկացված ներկայացուցիչներին հիշեցնելով, թե ինչպես էին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարները համատարած կաշառում խորհրդային ղեկավարներին, Մոսկվայի ամեն մի «ծակ ու ծուկը»:
Սակայն Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունը չի սահմանափակվում միայն Եվրախորհրդով, Բաքուն հսկայական ջանքեր է գործադրում Ֆրանսիայում հայկական լոբբիին հակակշռելու համար: Այս գործողության մեջ ներառված են սենատորներ, պատգամավորներ, Ադրբեջանում շահեր ունեցող ֆրանսիական բիզնեսի ներկայացուցիչներ, տարբեր հիմնադրամներ:
Սկսենք Հեյդար Ալիևի անվան հիմնադրամից, որը ղեկավարում է Ադրբեջանի առաջին տիկինը՝ Մեհրիբան Ալիևան: Հիմնադրամը հսկայական գումարներ է տրամադրել Լուվրի թանգարանի, Վերսալի պալատի, Ստրասբուրգի մայր տաճարի վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար: Հիմնադրամը նաև հսկայական գումարներ է ծախսում արտերկրում սովորող ադրբեջանցիներին կրթաթոշակներ տալու, ապա նրանից տարբեր երկրներում ադրբեջանական սփյուռք ձևավորելու գործի համար:
Այս ջանքերին միանալու է գալիս «Եվրոպայի ադրբեջանական հանրություն» (The European Azerbaijan Society, TEAS) կազմակերպությունը, որը ստեղծվել է 2008թ. նոյեմբերին սկզբնապես որպես «Լոնդոնի ադրբեջանական հանրություն» (London Azerbaijan Society), ապա վերածվել է Ֆրանսիայում գործող լոբբիստական կազմակերպության: Այն ջանքեր չի խնայում հրեական լոբբիին Ադրբեջանով շահագրգռելու, տարբեր ազդեցիկ շրջանակների հակահայկական ծրագրերի մեջ ներառելու համար: Փարիզում տեղակայված այս կազմակերպությունը, համաձայն Intelligenceonline.fr հետազոտական կայքի, 15-հազարական եվրո է տրամադրել Թուլուզի և Մոնտուբանի իսլամիստական հարձակումների զոհ գնացած հրեաների ընտանիքներին: Այս կազմակերպությունը նաև կոնֆերանս է կազմակերպել՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ադրբեջանի հրեաների փրկությանը, որտեղ մեծ շեշտ է դրվել Իսրայել-Ադրբեջան զարգացող հարաբերություններին:
Միանշանակ հայկական կողմերը ևս պետք է միանան այս միջոցառումների լուսաբանման ապահովմանը, հատկապես իսլամիստական և հակահրեական շրջանակների մոտ:
ԵՄ էներգետիկ ծրագրերի վերաբերյալ տարբեր կոնֆերանսներ նույնպես ֆինանսավորվում են TEAS-ի կողմից, իսկ ադրբեջանական լոբբիի այս կազմակերպությունն իր հերթին ֆինանսավորվում է Բաքվում աշխատող արևմտյան ընկերություններից, այդ թվում՝ ֆրանսիական Total-ից և իտալական Edison-ից: Ադրբեջանցիներն աջակցում են նաև ֆրանսիացի օրենսդիրներին Ֆրանսիայի հետ խորհրդարանական կապերի ամրապնդման համար:
Այս ամենը մեկտեղելով՝ կարող ենք պնդել, որ բաց կաշառքից Ադրբեջանն անցում է կատարում ավելի քաղաքակիրթ լոբբինգի: Սրան լրացնելու է գալիս տարբեր համալսարանական շրջանակների ներգրավումը հակահայկական գործունեության մեջ: Սա հայությանը նետված լուրջ մարտահրավեր է: